«Յուվեցի Կարոն 100 համագյուղացի կարող է միտինգի բերել, իսկ թռած, ասենք, Հովիկ Իգիթյանը ոչ փող ունի, ոչ բիզնես». Տիգրան Հակոբյան

Քաղաքական գործիչ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կարծում եմ, ոչ իշխանական եռյակի մեր բարեկամները չպիտի նեղսրտեն հանրահավաքին չմասնակցող «աբիժնիկներից», «Բ 26-ի ագենտներից», վախկոտներից, Կոնգրեսից թռածներից և այլ ոչ արժանապատիվ քաղաքացիներից։ Պետք չի նաև հեգնել այդ մութ զանգվածներին, հայհոյել նրանց։ Ի վերջո, ամբողջ ժողովրդով միտինգներին չեն մասնակցում (հրապարակ են դուրս գալիս ամենաառաջադեմ ու ազատամիտ քաղաքացիները), և հետո առանց «աբիժնիկների», «Բ 26-ի ագենտների»․․․ (տես ամբողջական ցուցակը) հանրահավաքը շատ ավելի մեծ բարոյական ներուժ կունենա, շատ ավելի հուժկու կլինի և վճռական։ Ուրեմն, հակառակը՝ ուրախանալ է պետք, որ հանրահավաքը զուլալվելու է, մաքրված է լինելու այն աղբից, որը, ցավոք, կար, ասենք, 2008-ի Շարժման ժամանակ։ Առավել ևս, որ ոչիշխանական այսօրվա թոփ-մենեջմենթը թե որակի, թե ֆինանսական և ադմինիստրատիվ ռեսուրսի առումով շատ ավելի բարձր է։ Եկած Գագիկ Ծառուկյանը հարյուր գլուխ բարձր է, ասենք, թռած Արամ Սարգսյանից կամ Սասուն Միքայելյանից /հզոր կուսակցություն, անսպառ ֆինանսներ, երիտասարդներ, ավտոբուսներ, հեռուստաալիք, հստակ քաղաքական հայացքներ և այլն/։ Եկած Տիգրան Ուրիխանյանը շատ ավելի վճռական է, քան թռած Ալեքսանդր Արզումանյանը՝ եկած պահին նաև զենք է կարող օգտագործել ազգի թշնամու դեմ, այդ փորձն ունի։ Յուվեցի Կարոն 100 համագյուղացի կարող է միտինգի բերել, իսկ թռած, ասենք, Հովիկ Իգիթյանը ոչ փող ունի, ոչ բիզնես։ Կամ եկած Վահան Բաբայանը իր բազմակուսակցական մեծ փորձով շատ ավելի լավ է հասկանում «ռիալ փոլիտիքի» նրբությունները, քան Նիկոլը։ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին էլ մոտ երեք հազար ընկեր ունի Ֆեյսբուքում, և հանրահավաքին մասնակցելու իր կոչին գոնե մի հինգ տոկոսը կարձագանքի։ Չշարունակեմ, պարզ է, որ միտինգը բազմամարդ կլինի, և դա ոգևորում է։ Չեղկված կլինի նաև տեղեկատվական շրջափակումը՝ Կենտրոնը, Հ2-ը, տասնյակ թերթեր և կայքեր օբյեկտիվորեն կլուսաբանեն հանրահավաքը։ Ինտելիգենտ Արամը Աբրահամյանն ու ծախված Առավոտը զուրկ են այն հեղափոխական կամքից և ոճից, որով միշտ աչքի է ընկել «7 օրը»։ Դա էլ է շատ կարևոր։ Թուլակամներն ու երկար մտածողները միայն բալաստ են իշխանափոխության արդար ճանապարհին։ Ասածս այն է, որ չկա չարիք առանց բարիք։ Թռան վատերը, եկան լավերը։ Եվ դա մեծագույն նվաճում է։ Ուստի ուժեղը, արդարամիտը մի քիչ էլ մեծահոգի պիտի լինի, այդքան առհամարանքով մի վերաբերվեք ժողովրդի այն հատվածին, որը քաղաքական հասունության դեռ երկար ճանապարհ պիտի անցնի․․․ կամ անհույս է։ Ուշադրություն մի դարձրեք։ Պետք է ընդամենը շարունակել հաղթանակին տանող ուղին։ Հաջողություն բոլորիս»։

Տեսանյութեր

Լրահոս