Մեր օրակարգում չկա հարց, թե ով է լինելու նախագահի հաջորդ թեկնածուն. «Ժառանգության» խոսնակ

«Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում որևէ մեկի թեկնածությունն առաջադրելու հարց չի քննարկել,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

«Ես եռյակի խոսնակը չեմ, կարող եմ ասել «Ժառանգության» անունից` «Ժառանգությունը» նման հարց չի քննարկել: Մեր օրակարգում չկա հարց, թե ով է լինելու նախագահի հաջորդ թեկնածուն: Մեր օրակարգում առաջնային հարցն այս իշխանությունների հեռացումն է»,- նշեց նա:

Իսկ եթե, ի վերջո, պարզվի, որ հանրությունը հենց Գագիկ Ծառուկյանի կարիքն է զգում, ինչպես նա էր երեկ արտահայտվել, և Ծառուկյանը պիտի լինի նախագահի թեկնածու, այդ դեպքում «Ժառանգությունը» կպաշտպանի՞ նրա թեկնածությունը: Անդրադառնալով այս հարցին` Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ «եթե»-ներին չի պատասխանում.

«Կգա ժամանակը, երբ արդեն կքննարկվի հարցը, թե որ թեկնածուն կարող է ներկայացնել ընդդիմությանը, այդ ժամանակ, ի թիվս այլ մասնավոր թեկնածուների, կքննարկվեն բոլոր թեկնածուները, և կգանք ընդհանուր հայտարարի: Դա նշանակում է մեկնաբանել «եթե»-ով ինչ-որ հարց. եթե աշխարհը փուլ գա, ինչ կանի «Ժառանգությունը» և այլն, և այլն: Այս պարագայում չունենք նման իրավիճակ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, երեկվա ասուլիսում անդրադառնալով Հայաստանի նախագահի ընտրություններում իր հնարավոր առաջադրման մասին հարցին, ասել էր, թե իր մտքում կան չորսից հինգ թեկնածուների անուններ,ովքեր արժանապատիվ մարդիկ են և կարող են երկիրը զարգացման ուղու վրա դնել`միաժամանակ ավելացնելով. «Եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը նրանցից որևիցե մեկի թեկնածությունը կառաջադրի, ուրեմն՝ ես պատրաստ եմ նրան պաշտպանել, նրա կողքը կանգնել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ ի՛մ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, ու ի՛մ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն ես դրան էլ եմ պատրաստ»:

Ավելի ուշ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ Ծառուկյանի առաջադրման հարցը եռյակում երբևէ չի քննարկվել:

 

Տեսանյութեր

Լրահոս