Դավութօղլուն ու Սթոլթենբերգը քննարկել են Սիրիայի ու Իրաքի հարցերը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդունել է երկրում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի, Իրաքի ու ընդհանրապես տարածաշրջանի վերջին զարգացումները:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մշտապես պատրաստ է պաշտպանել Թուրքիային, ինչի մասին վկայում են նաև նրա տարածքում Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելը: Դավութօղլուն իր հերթին նկատել է, որ տարածաշրջանը բարդ ժամանակաշրջան է ապրում, և որ Թուրքիայի հարևան երկրների զարգացումներն ուղղակիորեն ազդում են նաև նրա վրա:

Սթոլթենբերգը համաձայնվել է նրա հետ՝ ընդգծելով, որ Իրաքի դեպքերը ՆԱՏՕ-ի անդամների թվում ամենաշատն ազդել են հենց Թուրքիայի վրա: Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենի հետ:

Այդ հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել են Սիրիայի ու Իրաքի դեպքերը: Ալենը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Սիրիայից ու Իրաքից եկած փախստականներին օգնելու համար, ինչպես նաև գոհունակություն է հայտնել Մոսուլում պատանդ պահված թուրքերի ազատ արձակման կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս