
Չինաստանը կմտահոգվի սահմանը հատած Պուտինի վագրի պաշտպանությամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինացի բնապահպանները ձեռնամուխ են եղել «Կուզյա» անվանմամբ վագրի փնտրտուքին, որը սնունդ հայթայթելու նպատակով հատել է ռուս-չինական սահմանը: Նախկինում այդ վագրին ազատ էին արձակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամքով:
Կենդանու վրա տեղադրված են հետևող սարքեր, որոնց օգնությամբ հաջողվել է պարզել, որ նա գտնվում է սահմանային Խեյլունցզյան նահանգի Տայպինգոու արգելոցում: Վերջինիս պետ Չեն Չժիգանը հայտարարել է, որ ռուս փորձագետը զանգահարել է իրենց, հայտնել է վագրի գտնվելու վայրը և հույս է հայտնել, որ իրենք կպաշտպանեն նրան:
Չժիգանը հավելել է, որ արգելոցի աշխատակիցները տեղադրելու են տասնյակ տեսախցիկներ՝ հետևելու համար կենդանուն: Բացի այդ, վագրի մասին տեղյակ կպահվեն տեղի ֆերմերները: Չինացի բնապահպանները հայտարարել են, որ իրենք վագրին կապահովն սննդով՝ նրա գտնվելու վայր հատուկ խոշոր եղջերավոր անասուն ուղարկելով:
Պուտինը «Կուզյա» անունով այդ վագրին երկու այլ փոքր վագրերի հետ ազատ է արձակել 2014 թվականի մայիսին, Ամուրի մարզում: