Իրավիճակը դեռ չի հասունացել Վրաստանի ու ՌԴ-ի նախագահների հանդիպման համար. Պխալաձե
Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն մեկնաբանել է Forbes Georgia-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու տված հարցազրույցը:
Մարգվելաշվիլին մասնավորապես հայտարարել էր, որ անձամբ ծանոթ չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Պուտինն ունակ է լուծել Վրաստանի համար ամենաբարդ հարցերը:
Պխալաձեն հայտարարել է, որ Մարգվելաշվիլին քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել յուրաքանչյուր քաղաքական ֆիգուրի հետ, եթե այդ հանդիպումը Վրաստանի համար կունենա դրական արդյունքներ և մեռյալ կետից առաջ կշարժի այնպիսի ցավալի թեմաները, ինչպիսիք են ապաօկուպացումն ու երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Պխալաձեն նկատել է, որ հարցազրույցի ժամանակ Մարգվելաշվիլին չի խոսում Պուտինի հետ անձնական հանդիպման մասին և ցանկություն չի հայտնում նրա հետ անձամբ ծանոթանալու մասին, և փոխարենը խոսում է այնպիսի հանդիպման ամասին, որը Վրաստանին կբերի կոնկրետ դրական արդյունքներ:
Պխալաձեն հավելել է, որ նախագահների հանդիպումը չի պատրաստվում մեկ ակնթարթում, և որ իրավիճակը դեռ չի հասունացել նման հանդիպման համար: