Հարցերին պատասխանելու ժամանակը
Երեկ Գյումրիում կայացած հանրահավաքով ավարտվեցին ոչ իշխանական ուժերի մարզային հանդիպումները: Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու այդ ուժերի հրավիրած համապետական հանրահավաքը: Ոչ իշխանական ուժերի մարզային հանդիպում-հանրահավաքները ցույց տվեցին այն, ինչ առանց այդ էլ հայտնի էր՝ հասարակության համբերության բաժակն իսկապես լցվել է, և մարդիկ ցանկանում են իշխանափոխություն:
Մարզային հանդիպումների ընթացքում եռյակի ուժերի ներկայացուցիչներն անընդհատ հարցեր էին հղում հանրահավաքի մասնակիցներին՝ ցանկանո՞ւմ եք իշխանափոխություն, ցանկանո՞ւմ եք, որ իշխանությունն օր առաջ հեռանա: Բոլոր այս և նմանատիպ հարցերին հարթակում կանգնածները, բնականաբար, ստանում էին դրական պատասխաններ: Սակայն, որքան որոշակի են հասարակության կողմից տրված պատասխանները եռյակի հնչեցրած հարցերին, նույնքան անորոշ են եռյակի գործունեության հետ կապված հարցերի պատասխանները:
Արդյոք ոչ իշխանական ուժերը մինչև վերջ պայքարելո՞ւ են իշխանափոխության համար, արդյոք այդ նպատակով անզիջում պայքա՞ր են մղելու, թե՞ ինչ-որ պահի իշխանության հետ «բարիշելով»՝ մարդկանց ուղարկելու են տուն, ո՞վ է, ի վերջո, այդ պայքարի հաջողության ընթացքում գալու իշխանության՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը: Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բավական բազմամարդ է լինելու:
Բայց մարդիկ Ազատության հրապարակ են գալու՝ լսելու, առաջին հերթին, նշված հարցերի պատասխանները և ոչ թե՝ հերթական անգամ «այո» պատասխանելու հարթակից հնչող անանուն հարցերին՝ «ուզո՞ւմ եք արդյոք իշխանափոխություն»: Հայաստանում իշխանափոխություն ցանկանում է քաղաքացիների մեծամասնությունը, բայց այդ մեծամասնության մեջ կան նաև այնպիսիք, ում նաև հետաքրքրում է՝ ո՞ւմ են եռյակի ուժերը հանձնելու ժողովրդից խլված իշխանությունը վերցնելուց հետո: