Պուտինն ունակ է լուծել Վրաստանի համար ամենաբարդ հարցերը. Մարգվելաշվիլի
Forbes Georgia պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար հետաքրքիր է որպես մարդ, որն իրականում ունակ է լուծել Վրաստանի համար ամենաբարդ հարցերը.
«Ես անձամբ ծանոթ չեմ նրա հետ, սակայն հուսով եմ, որ նա ռացիոնալ քաղաքականության կողմնակից է, և որոշակի պահի հնարավոր կդառնա ռուս-վրացական հարաբերությունների կառուցումը: Ես հույսեր ունեմ:
Հնարավոր է՝ Ռուսաստանի համար Ցխինվալի օկուպացումը հետաքրքիր է ուժի ցուցադրման տեսանկյունից, սակայն երկարաժամկետ հեռանկարում Ցխինվալի շրջանը չի կարող նրա համար մնալ տնտեսապես գրավիչ և ոչինչ չի տա ռուսական պետությանը:
Բացի այդ, Ռուսաստանն այն երկիրն է, որն ամենաքիչն է զգում տարածքների կարիք: Աշխարհում չկան այդօրինակ առատ բնական ու տարածքային ռեսուրսներ: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրա տարածքներն օկուպացվել են, իսկ դա նշանակում է, որ նա պարտվել է»: