Այս պորցեսի մեջ 3 նախագահների և՛ ականջները, և՛ ոտքերը լրիվ երևում են. Սոս Գիմիշյան
«Լավագույն տարբերակն այն է, որ իրենք այս պրոցեսը նախաձեռնում են` չիմանալով, որ իրենք չեն վայելելու, այլ դրսի ուժերն են վայելելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին:
Ս. Գիմիշյանը չի բացառում, որ եռյակը գործում է իշխաության հետ համատեղ, և ըստ նրա՝ նրանց խնդիրն ընդդիմադիր և իշխանական դաշտը միասին գրավելն է. «Թեթև վերաբաշխումներով մի խումբ օլիգարխներ պայքարում են մեկ այլ խումբ նախկին իշխանավոր օլիգարխների հետ: Այս պորցեսի մեջ 3 նախագահների և՛ ականջները, և՛ ոտքերը լրիվ երևում են: Սա էլ նորմալ քաղաքական պրոցես է՝ կկարողանա՞ն խաբել մեր ժողովրդին՝ լավ, եթե ոչ՝ ոչ»:
Իսկ եթե նրանք անկեղծորեն ինչ-որ պայքար են սկսում, բայց չգիտեն, որ չեն վայելելու, ապա դա, ըստ Սոս Գիմիշյանի՝ ամենավտանգավորը չէ. «Ամենավտանգավորն ու անցանկալին այն տարբերակն է, երբ այս ուժերը կառավարվում են դրսից, և իրենք մի պրոցես են սկսում, որը բերելու է նույն արդյունքներին, ինչ Ուկրաինայում»:
Իսկ եթե դրսից չի ուղորդվում այս պրոցեսը, ապա Սոս Գիմիշյանը ողջունում է, որ երկու օլիգարխիկ ուժեր՝ եռյակ-քառյակ և իշխանություն, փորձում են ժողովրդին ակտիվացնել՝ մեկը սահմանադրական պրոցեսներով, մյուսը՝ քաղաքական պրոցեսներով. «Ակտիվացնել, ինձ համար նշանակում է ժողովրդի դիմադրողականությունը բարձրացնել, ավելի աշխույժ վիճակի բերել, որը կարող է լուրջ փոփոխությունների բերել: Եթե անկեղծ մրցակցություն է՝ մեկ օլիգարխիկ համակարգը փոխվելու է մյուսով, և մեծ իմաստով բան չի փոխվում, բայց ամեն փոփոխություն նույնպես դրական կարելի է դիտարկել»: