
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը կժամանի Թուրքիա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յենս Սթոլթենբերգը հոկտեմբերի 9-ին երկօրյա այցով կժամանի Անկարա: Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ:
Իր թուրքական այցի շրջանակներում Սթոլթենբերգը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի ու Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի հետ:
Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջինն այցելել է Լեհաստան, իսկ Թուրքիան կլինի նոր կարգավիճակով նրա արտասահմանյան երկրորդ այցը: Անկարայում Սթոլթենբերգը գլխավորապես քննարկելու է Սիրիայի ու Իրաքի վերջին զարգացումները:
Բացի այդ, քննարկվելու են ընդհանրապես Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը, Ուկրաինայում տիրող վերջին իրավիճակը, Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված որոշումները և ՆԱՏՕ-ի օրակարգում գտնվող այլ թեմաներ:
Հոկտեմբերի 10-ին Սթոլթենբերգն Անկարայից կմեկնի Գազիանթեփ, ուր տեղակայված են ԱՄՆ-ի տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրները: