«Դահիճը և զոհը ձեռք ձեռքի տված կանգնել են, Մարտի 1-ի մասնակիցները նույն հարթակում ողջագուրվում են». Ազատ Արշակյանը՝ եռյակին
«Ասպարեզում մնացել են նրանք, խրախուսվել են, ֆինանսավորվել են այն ուժերը, որոնց ելակետը հավատարիմ հպատակությունն է, ոչ թե դաշինքը, ընկերությունը, բարեկամությունը, արժեքային համակարգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ա. Արշակյանի խոսքով՝ Ռուսաստանի համար ռեինտեգրացիայի ծրագիրը վերականգնելը մեծ արկածախնդրություն էր. «Չէր կարող վերականգնվել իմպերիան: Ռուսաստանի այս վերջին՝ «русский мир» ծրագիրը կատաստրոֆա էր Ռուսաստանի համար: Բազմազգ, բազմադավան, բազմառասսա պետության մեջ հայտարարել «русский мир», նշանակում է բոլորին դուրս թողնել կյանքից: Արդեն ձախողվել է իմպերիան, բայց այլևս չի կարողանում կանգ առնել, այդ թվում և մեր ներքին կյանքում: Մեր հավատարիմ հպատակները շարունակում են ապրել հին ինստրուկցիայով: Այդ հին ինստրուկցիան արդեն չի աշխատում, ճաքեր է տվել»,- նշեց նա:
Ա. Արշակյանը նկատեց, որ Հայաստանում հին ինստրուկցիայով աշխատող քաղաքական համակարգը խափանված է. «Այսինքն՝ դահիճը և զոհը ձեռք ձեռքի տված կանգնել են: Մարտի 1-ի մասնակիցները նույն հարթակում կանգնած ողջագուրվում են, ես դա չեմ հասկանում: Իստրուկցիայում գրված է եղել, որ դուք դաշնակից եք, բայց հայ ժողովրդին ներկայացեք որպես ախոյաններ: Մարդիկ չեն կարողանում իրենց կամքով իրենց կարծիքն ասել»:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին, Ա. Արշակյանն ասաց. «Նրանք չգիտեն, որ ամսի 10-ի իրենց հանրահավաքի արդյունքներն իրենք չեն վայելելու: Իրենք մոբիլիզացիա են սկսում, ու չգիտեն, որ այդ մոբիլիզացված հասարակությունն իրենց տրորելով անցնելու է»: