«Մենք պետք է հասկանանք, որ հոգեկան խնդիրները դեռևս դատավճիռներ չեն»

Ամեն տարի հոկտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս տարի այն նշվելու է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել այս տարվա համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա միջոցառումները կրում են՝ «Մտածենք հոգեկան առողջության մասին, խոսենք հոգեկան խնդիրների մասին և գտնենք լուծումներ» խորագիրը.

«Սա պատահական չէ, քանի որ մեր արդեն 5 տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ գոյություն ունի մեծ խարան, պիտակ, և դա զուտ հոգեկան խնդիրներին չի վերաբերում: Անգամ հոգեբանական խնդիրների դեպքում մարդիկ չիմացության և կանխակալ վերաբերմունքի պատճառով հաճախ խուսափում են ստանալ այն աջակցությունը, որը շատ արագ իրենց խնդիրները կլուծեր: Դրա պատճառով էլ հաճախ փոքր խնդիրները դառնում են հիվանդություններ: Մենք պետք է հասկանանք, որ հոգեկան խնդիրները դեռևս դատավճիռներ չեն. շատ մարդիկ, որոնք ունեն այդ խնդիրները, այսօր բավականին ակտիվ կենսակերպ են վարում»:

Մ. Թովմասյանի ասաց, որ իրենց առաջիկա նախաձեռնությունը ներառում է՝

  • աշխատանք լրատվամիջոցների հետ՝ մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ,
  • հանրային իրազեկման միջոցառում Շառլ Ազնավուրի հրապարակում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:30-ից սկսած՝ ներառյալ Մնջախաղի թատրոնի ներկայացում, համերգ, տեղեկատվական նյութերի բաժանում,
  • հանդիսավոր ընդունելություն և «Ինթրա» կենտրոնի հոգեսոցիալական վերականգնողական խմբերի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդես՝ հոկտեմբերի 9-ին Նկարիչների միության շենքում՝ 3-րդ հարկի սրահում,
  • «Ինթրա» կենտրոնում բաց դռների օր հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում բոլոր ցանկացողները, ովքե նախապես գրանցվել են, կստանան անվճար հոգեբանական, հոգեբուժական և լոգոպեդական խորհրդատվություն:

 

Տեսանյութեր

Լրահոս