Բաժիններ՝

«Հոգեկան առողջության միջազգային օրն ուղղված է մարդկանց վրայից խարանը, պիտակավորումը հանելուն». հոգեբույժ

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է, և այս տարի այն անցնում է «Ապրել շիզոֆրենիայով» խորագրով: Ինչո՞ւ է օրը հենց այդ խորագիրը կրում. այս հարցի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հոգեբույժ Մարուք Եղիյանը:

Նրա խոսքով, հոգեկան առողջության միջազգային օրն առհասարակ շատ կարևոր միջոցառում է և ուղղված է մարդկանց վրայից խարանը, պիտակավորումը հանելուն, հոգեկան խնդիրներ ունեցողների նկատմամբ վերաբերմունքը փոխելուն. «Պիտակավորումը մեծ վնաս է հասցնում հենց հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողներին, այդ իսկ պատճառով էլ խորագիրը կարծես միտք ունի հանելու այդ պիտակը շիզոֆրենիա հիվանդությունից: Մարդիկ պետք է հասկանան, որ հոգեկան հիվանդությունները նույնպիսի հիվանդություններ են, ինչպես ցանկացած այլ օրգանների հիվանդությունները, պարզապես տվյալ դեպքում հիվանդ է ուղեղը: Բժշկությունն այսօր մեծ առաջընթաց է գրանցել, և հենց դրա համար էլ մենք պետք է հնարավորություն տանք այդ մարդկանց օգտվելու գիտության նվաճումներից»:

Մ. Եղիյանի խոսքով՝ պիտակավորման մասին խոսելիս պետք է անպայման անդրադառնալ նաև դեղեր ընդունելու նկատմամբ վախին. «Շատ հաճախ հիվանդների մոտ վախ է առաջանում ընդունել դեղամիջոց. շատերը հարց են տալիս՝ սա հոգեմե՞տ դեղ է, թե՞ ոչ: Ես սովորաբար պատասխանում եմ՝ իսկ իր մոտ կարո՞ղ է՝ ուրիշ հիվանդություն է: Չէ՞ որ մարդու մոտ կան հոգեբանական խնդիրներ, և դրա համար դեղը պետք է լինի հոգեմետ: Բայց նույնիսկ դա պիտակավորում է: Այս հարցին պետք է շատ նուրբ վերաբերվել, քանի որ շատերը հարցնում են՝ իսկ կարո՞ղ է՝ այդ դեղն ընդունելը սովորություն դառնա, այսինքն՝ զուգահեռներ են տանում թմրանյութերի հետ, որը բացարձակ սխալ է: Այդ դեղամիջոցները բուժելու համար են նախատեսված, ոչ թե որ մարդը սովորի դրան»:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս