«Թեփ» Արմենին սպանել են «օրենքով գողի» վրեժը լուծելու համար. դատարանն ավարտել է գործի քննությունը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արմեն Եփրեմյանի սպանության գործի քննությունը: Արմեն Եփրեմյանը հայտնի է նաև «Թեփ» Արմեն մականունով: Նա սպանվել էր 2013թ. նոյեմբերի 14-ին՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմացի հատվածում: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ իր կողմից հաստատված փաստական հանգամանքներ են, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ ամբաստանյալը նույն գյուղի նախկին բնակիչ, «օրենքով գող» Գոռ Ենոքյանի ազգականն է, որը 2006 թվականից անհայտ կորած է համարվում։ Գյուղում տարածված խոսակցություներից և այլ տարբեր աղբյուրներից ամբաստանյալն իմացել է, որ Գոռ Ենոքյանին սպանել է Սարդարապատ գյուղի բնակիչ, «Թեփ» մականունով Արմեն Եփրեմյանը, ով վերջին տասը տարիներին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում։
Ըստ դատարանի կողմից ապացուցված համարած հանգամանքների՝ ամբաստանյալը խոստացել է անձամբ վրեժ լուծել Գոռ Ենոքյանին սպանողից։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին Արմեն Եփրեմյանը կնոջ հետ վերադարձել է ՀՀ` տեսակցելու կնոջ վատառողջ հորը, ով նոյեմբերի 10-ին մահացել է։
Արմեն Եփրեմյանը կնոջ հետ բնակվել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում։
Ամբաստանյալը, ըստ դատարանի, տեղյակ է եղել Արմեն Եփրեմյանի` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և ժամանակավորապես բնակություն հաստատելու վայրի մասին, և իրենց տան մետաղական պահարանի միջից վերցրել է որսորդական ողորկափող հրացանը և որոշել վրեժխնդիր լինել Արմեն Եփրեմյանից։ Ըստ դատարանի՝ ամբաստանյալը սկսել է հետևել Արմեն Եփրեմյանին` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով։ 2013 թվականի նոյեմբերի 14-ին ամբաստանյալը դարանակալել է «Թեփ» Արմենի բնակության վայրի հարակից փողոցում։ Ժամը 14:30-ի սահմաններում, ավտոմեքենան վարելով դեպի նշված փողոց, մտել է գյուղի կենտրոնական փողոցի կողմից և նկատել է, որ Արմեն Եփրեմյանը տան դիմաց` փողոցում կանգնած է։
Ըստ դատարանի կողմից հաստատված համարված հանգամանքների՝ ամբաստանյալն ավտոմեքենան հանգիստ վարելով` մոտեցել է Արմեն Եփրեմյանին, ավտոմեքենան կանգնեցրել է նրա հետնամասում և հրացանի փողաբերանն իջեցրած պատուհանից ուղղելով Արմեն Եփրեմյանի մեջքին` սրտի շրջանին, 1-1.5 մետր տարածությունից կրակել է նրա վրա և սպանել է, որից անմիջապես հետո, արագ վարելով ավտոմեքենան գյուղամիջյան փողոցներով, դուրս է եկել Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհ։
Այդտեղից Նոր Արմավիր գյուղ տանող ճանապարհով որոշ տարածություն գնալուց հետո ավտոմեքենան վարել է դաշտամիջյան ճանապարհով, կայանել է ճամփեզրին, դռները թողնելով բաց, բանալիները փականի վրա՝ վերցրել է հրացանն ու ոտքով քայլելով դուրս է եկել Նոր Արմավիր տանող ավտոճանապարհ։ Նշված ճանապարհին կանգնեցրել է մի պատահական ավտոմեքենա, վարորդին ասել է, որ որսի է գնում, խնդրել է ավտոմեքենայով նրա հետ որոշ տարածություն անցնել։ Այնուհետև ամբաստանյալը զանգահարել և դեպքի մասին տեղեկացրել է գործով մյուս ամբաստանյալին, վերջինս ահազանգել է Ոստիկանություն։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել Ոստիկանության Արմավիրի բաժին։
Քրեական գործով երկու ամբաստանյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության, մյուսին՝ զենքն անփութորեն պահելու համար: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ սպանության համար առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Մյուս ամբաստանյալը ևս իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանը մեղավոր է ճանաչել երկու ամբաստանյալներին էլ: Սպանության համար մեղադրվող ամբաստանյալը դատարանի վճռով դատապարտվել է 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Զենքն անփութորեն պահելու մեջ մեղադրվող ամբաստանյալն էլ դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի:
Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: