Հարցում. Ի՞նչ սպասելիքներ ունեն քաղաքացիները հոկտեմբերի 10-ի հանրահավաքից (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ոչ իշխանական եռյակը հոկտեմբերի 10-ին նախատեսում է  հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Հանրահավաքին բարձրացվելու է սահմանադրական փոփոխություների հարցը և ամփոփվելու են քառյակի կողմից ներկայացված 12 կետերը: Եռյակի որոշ անդամներ խոստանում են նաև բարձրացնել ամբողջական իշխանափոխության պահանջ:
168.am-ը զրուցեց քաղաքացիների հետ՝ պարզելու համար՝ ինչպե՞ս են մարդիկ տրամադրված, մասնակացելո՞ւ են արդյոք առաջիկա հանրահավաքին և ի՞նչ սպասելիքներ ունեն դրանից:

Երիտասարդներից քչերն էին տեղյակ հանրահավաքից, իսկ նրանք, ովքեր տեղյակ էին, չէին ցանկանում կարծիք հայտնել տեսախցիկի առջև:

«Ես չեմ մասնակցելու ու կխնդրեմ մեր հայ ժողովրդից, որ արյունահեղություն չլինի, իրար չուտեն, մեկի գլխից մի մազ չպակասի, մեղք է մեր ժողովուրդը»,- ասաց մի կին:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ թեկուզ առանձնապես ակնկալիքներ չունի առաջիկա հանրահավաքից, այնուամենայնիվ, մասնակցելու է. «Լավ կլիներ, որ այս հանրահավաքը ճակատագրական, բեկումնային լիներ, բայց ես չեմ սպասում, որ բեկումնային է լինելու»:

Ըստ նրա՝քառյակի բարձրացրած 12 կետերը ծիծաղելի են: Նա կարծում է, որ ժողովուրդը հոգնել է սպասելուց, ժողովրդին կոնկրետ քայլեր են պետք. «Եթե մարդիկ խեղդվում են, խորտակվում են, երկիրը բացարձակ դատարկվել է, ի՞նչ 12 կետերի մասին է խոսքը: Ժողովրդին պետք է անմիջական քայլ կատարվի, որ փրկվեն»:

«Եթե ամբողջ ժողովուրդը չգա, Օպերան պռկեպռունգ չլցվի, հլը կողքերից էլ տեղ չլինի, սրանց հարցը չենք կարող լուծել, սրանք կոտորելով եկել են, կոտորվելով էլ պետք է գնան: Ժողովրդի արդար վաստակը լափում են»,- նման տեսակետ էլ մեզ հետ զրույցում հայտնեց Սասուն պապին, որին հաճախ կարելի է տեսնել Ազատության հրապարակում՝ միշտ եռագույնը հագին:

Տեսանյութեր

Լրահոս