
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարներին մեղադրում են բանակի մարտունակությունը խաթարելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել 1996 թվականին և դրանից հետո պաշտոնավարած պաշտպանության նախարարների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Անատոլի Մատիոսը:
Նա մանրամասնել է, որ պաշտպանության նախկին նախարարները մեղադրվում են իրենց ծառայողական լիազորություններն անհրաժեշտ ձևով չկատարելու համար ուկրաինական բանակի մարտունակությունը խաթարելու մեջ:
Մատիոսը թվարկել է տվյալ գործով անցնող մի շարք անուններ. տվյալ պաշտոնը երկու անգամ զբաղեցրած Ալեքսանդր Կուզմուկ (առաջին անգամ նա պաշտպանության նախարար է դարձել 1996 թվականի հուլիսի 11-ին), Վլադիմիր Շիկդչենկո, Եվգենի Մարչուկ, Անատոլի Գրիցենկո,Յուրի Եխանուրով, Միխայիլ Եժել, Դմիտրի Սալամատին, Պավել Լեբեդև:
Մատիոսը հավելել է, որ քրեական գործ է հարուցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի մի շարք պետերի նկատմամբ: