Իշխանափոխություն կլինի. հայտնի չէ՝ արտահե՞րթ, թե հերթական

Խորհրդարանական եռյակի այսօրվա հերթական նիստից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, ում աշխատասենյակում ընթանում էր նիստը, պատասխանեց մի քանի հարցեր, որոնք առնչվում էին եռյակի կողմից հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եռյակի լիդերները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10 հանրահավաքին Ստեփան Մարգարյանը ասում է, որ եռյակի լիդերները անպայման մասնակցելու են հանրահավաքին, բայց, թե որ հանրահավաքին՝ հայտնի չէ. «Հանրահավաքը մեկը չի լինելու և այս պահին քննարկվում է այն հարցը, թե որ հանրահավաքին են նրանք մասնակցելու, դա տակտիկական հարց է. հնարավոր է՝ մասնակցեն հոկտոմբերի 10-ի հանրահավաքին, հնարավոր է հաջորդ հանրահավքին»: Թե ե՞րբ է լինելու հաջորդ հանրահավաքը, արդյոք հոկտեմբերի 10-ի հանրահավաքը լինելու է շարունակական, թե դրանից հետո հավաքվածները գնալու են տուն և հայտարարվելու է նոր հանրահավաքի անցկացման օրը, այս հարցերի պատասխանը ևս հայտնի չէ, քանի որ դրանք նույնպես քննարկվում են: «Հաջորդ հանրահավաքի օրը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին»,-ասում է Ստեփան Մարգարյանը:

Եվ ամենակարևոր հարցը. Ինչպե՞ս է ԲՀԿ-ն պատկերացնում իշխանափոխությունը, որի մասին հայտարարում են ԲՀԿ ներկայացուցիչները: Ըստ Ստեփան Մարգարյանի, հիմա իրենք քննարկում են կառավարությանը ներկայացված 12 կետերի կատարման ընթացքը և սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ իր ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանը պետք է հրաժեշտ տա իշխանությանը: Իշխանությունները սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել են, որպեսզի ապահովեն իշխանության վերատադրությունը: Եթե մենք կանխում են սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ապա իշխանափոխությունը տեղի է ունենում ինքստինքյան» :

Բայց երբ Ստեփան Մարգարյանին հիշեցրեցին նախորդ օրը Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը սպառել է իրեն և պետք է տեղի ունենա իշխանափոխություն, ինչից կարել է եզրակացնել, որ ԲՀԿ-ն այլևս սպասելիք չունի իշխանությունից, Ստեփան Մարգարյանը հայտարարեց. «Կարելի է հեռանալ՝ ամեն ինչ ավերելով, կարելի է հեռանալ համագործակցված»:

Կարդացեք նաև

Ստեփան Մարգարյանը փորձում էր հասկացնել, որ իրենք առայժմ փորձում են իշխանության հետ լեզու գտնել և գալ պայմանավորվածության, որպեսզի իշխանությունը հրաժարվի սահմանադրական փոփոխությունների անցկացման գաղափարից և այդ դեպքում իշխանափոխությունը տեղի կունենա հերթական ընտրությունների միջոցով: Այլապես իրենք պատրաստ են նաև իրադարձությունների զարգացման այնպիսի սցենարի , որը կհանգեցնի արտահերթ իշխանափոխության: «Հերթական, թե արտահերթ՝ իշխանափոխություն ամեն դեպքում տեղի է ունենալու»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Այս հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ հոկտեմբերի 10-ը իշխանության հետ տեղի ունեցող երկխոսության վերջնաժամկետն է, և եթե իշխանությունն այդ ժամանակ հստակ երաշխիք տա սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու մասին, եռյակը պատրաստ է սպասել մինչև հերթական ընտրություններ, այլապես իրենք փորձելու են խոսել ուժի դիրքերից:

Տեսանյութեր

Լրահոս