Բաժիններ՝

Հայկական գյուղմթերքը կարող է արտաանվել մեկ ընդհանուր բրենդով

ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարելի է զարգացնել փոքր ու միջին ձեռնարկությունները և ինչ ուղղություններով կարելի է բարձրացնել դրանց մրցունակությունը: Ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ-ում զարգացման ներուժ կա գյուղատնտեսության ոլորտի մթերքների և  շինանյութերի արդյունաբերության զարգացման առումով: Նա նշեց, որ նոյեմբերի 26-27-ը Փարիզում կայանալու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական մրցունակության ծրագրի երկրորդ կլոր սեղանը, որին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը՝ նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ, կներկայացվի ՀՀ-ում կատարված հետազոտությունների արդյունքները, փորձագիտական գնահատականից հետո հաջորդ տարվա սկզբին կմեկնարկի ծրագրի իրականացման փուլը:

«Գյուղմթերքի բիզնեսում խնդիր է արտահանել ապրանքը, օրինակ՝ ռուսական շուկայում կամ պահանջարկ չկա, կամ պահանջարկը մեծ ծավալներով է, որոնք ապահովելը խնդիր է: ՓՄՁ-ները դժվարանում են ինքնուրույն մարքեթինգ կազմակերպել, մասնակցել ցուցահանդեսներին: Փորձելու ենք այդ խնդիրները նվազեցնել կամ չեզոքցնել, օրինակ ստեղծել ընդհանուր բրենդ»,- ասաց փոխնախարարը:

168.am-ի դիտարկմանը, որ նման բրենդի ստեղծման ոչ այնքան հաջող փորձ արդեն կա՝ «Հայկական պանիրը», Գ. Մելքոնյանը պատասխանեց, որ «Հայկական պանրի» օրինակը երեկ քննարկել են, ու թեև այդ գաղափարը այնքան էլ հաջողություն չունեցավ, բայց այս ծրագրում նախատեսվելու է նմանատիպ գործիք ՝ հաշվի առնելով դրա փորձը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ներկայացուցիչ Դիրկ Լորենցը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում հնարավորություն կա զարգացնելու ՓՄՁ-ները: Նրա խոսքով՝ ՓՄՁ-ների գլխավոր դժվարությունը ֆինանսավորումն է: Լորենցը նշեց, որ Եվրոպայում կա շուրջ 20 մլն ՓՄՁ և այժմ ԵՄ-ն փորձում է ոլորտը զարգացնել գործընկեր երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում:

«Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմ կարծիքով՝ պատրաստի արտադրանքի արտահանման հետ կապված կան մի շարք խնդիրներ՝ ենթակառուցվածքների, տրանսպորտային ծախսերի առումով: Ըստ նրա՝ արտահանման ծախսերը նվազեցնելու և առավել արդյունավետություն ապահովելու համար հարկավոր է ստեղծել 1 միասնական պահեստ, որտեղ ապրանքները կմաքսազերծվեն: Որպես առավել հավանական ներդրողներ Գ.Լաքոմը մատնանշեց հայկական սփյուռքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս