
Օգոստոսի 8-ից ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում օրական ծախսում է 10 միլիոն դոլար

NBC News-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսել Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այս մասին վկայել են ԱՄՆ-ի Կենտրոնական ռազմական հրամանատարության հրապարակած փաստաթղթերը:
Դրանց համաձայն՝ հունիսի 16-ից, երբ Իրաք ուղարկվեցին ամերիկացի ռազմական խորհրդատուներ, ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարում օրական ծախսել է 7.5 միլիոն դոլար: Օգոստոսի 8-ից, երբ ԱՄՆ-ը սկսեց ավիահարվածներ հասցնել ծայրահեղականների դիրքերին, ԱՄՆ-ի օրական ծախսերը հասել են մինչև 10 միլիոն դոլարի:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքի տարածքում 200 ավիահարված է հասցրել ծայրահեղականների դիրքերին, իսկ Սիրիայի տարածքում՝ ավելի քան 60 ավիահարված: