Հանրապետականը` եռյակին. Կխնդրեմ` հստակեցնեն, թե «իշխանություններ» ասելով ի՞նչ ի նկատի ունեն

Եռյակի անդամները, ովքեր խոսում են իշխանափոխության մասին, պետք է հստակեցնեն, թե ի՞նչ ի նկատի ունեն` «իշխանություններ» ասելով: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը:

Հովհաննես Սահակյանը խնդրում է մասնավորապես ԲՀԿ-ի ներկայացուցիչներին հստակեցնել` ո՞ր իշխանություններից են դժգոհ, այն իշխանություններից, որ միասին կոալիցիայի մե՞ջ էին, թե՞ այն իշխանություններից, որ միասին մի շարք օրենքներ են ընդունել, հիմա այդ օրենքներն են քննադատում հարթակներում:

«Իշխանություն ասածը լայն հասկացություն է, կխնդրեմ` իմ գործընկերները նախևառաջ ավելի հստակեցնեն, ավելի կոնկրետացնեն իրենց շեշտադրումները` «իշխանություններ» ասելով ի՞նչ ի նկատի ունեն, այլապես իրենք էլ են իշխանության մաս` ի դեմս Ազգային ժողովի բոլոր պատգամավորների: Եթե դժգոհ են նախագահի, կառավարության կամ Ազգային ժողովի աշխատանքից, թող կոնկրետացնեն` իշխանություններ ասելով ո՞ւմ ի նկատի ունեն, ի՞նչ ի նկատի ունեն, այն ժամանակ կանդրադառնանք:

Մենք, ի տարբերություն որոշների, բավականին ծանրաբեռնված ենք. մեր հանձնաժողովը բավական լուրջ և ծանր աշխատանք է տանում, և յուրաքանչյուր նիստի օրակարգ առնվազն 10-15 հսկա օրենքների փաթեթ է պարունակում»,- նշեց հանրապետական պատգամավորը:

Կարդացեք նաև

Նշենք, որ երեկ Վանաձորում կայացավ եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և Ժառանգության հերթական միասնական հանրահավաքը, որի ժամանակ ԲՀԿ-ն, ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, միացավ ՀԱԿ-ի և «Ժառանգության»` ամբողջական իշխանափոխության կոչերին:

«Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա՛ է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին»,- հայտարարել էր «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս