Եթե եռյակը պաշտոնապես հրավիրի Պ. Հայրիկյանին, հնարավոր է՝ նա մասնակցի հանրահավաքին (տեսանյութ)
«Հանրության համար առաջին խնդիրը Հայաստանի ներքաղաքական վիճակի հարցում կապված է հոկտեմբերի 10-ին հանրահավաքի հետ, իսկ գիտակից զանգվածի մոտ նաև մտահոգությունն է, թե հոկտեմբերի 10-ին ինչ կկատարվի, այսինքն՝ նրանց համար առաջնայինը Եվրասիական միություն կամ Եվրոպական միություն կողմնորոշման հարցն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Հայաստանի ներիքն զարգացումների և հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին:
ԱԻՄ առաջնորդը ողջունում է, որ 3 քաղաքական ուժերը ծրագրում են հանրահավաք, նրանց գործնականությունը. «Բայց փաստը մնում է փաստ, որ իրենք կարևորագույն խնդրին չեն անդրադառնում: Այս 3 ուժերից երկուսն ընդհանրապես ոչ միայն դեմ չեն խոսել, այլ նույնիսկ կողմ են խոսել Մաքսային միությանը: Նրանց խնդիրն, ըստ էության, մանր իշխանատիրական նկրտումներն են: Այն, որ իրենք մարդկանց հավաքում են, ոտքի են հանում, ողջունելի է: Այն, որ շատ ուշացրին, դա էլ բոլորի համար ակնհայտ է, եթե վիճակն այդպես ծանր էր, ինչի՞ էիք դուք ամիսներ շարունակ հետաձգում: Եթե ուզում են ստրատեգիական որևէ բան անել, ապա դա գալիս, հանգում է նույն գաղափարին՝ Հայաստանի ռազմավարական դիրքորոշմանը արժեքային համակարգի նկատմամբ: Խուսափողական հայտարարություն է արված, որ արտաքին քաղաքականության հարցերին չենք անդրադառնալու: Սա արդեն նահանջ է, որովհետև արտաքին քաղաքականության դիրքորոշմամբ է որոշվում, թե ինչ արժեքային համակարգ ես դու դավանում, ինչ նպատակների ես ձգտում:
Պ. Հայրիկյանը տեղեկացրեց, որ ինքը պաշտոնապես հրավեր չի ստացել հանրահավաքին մասնակցելու համար. «Մերկապարանոց հայտարարություններ, որ հրավիրում են՝ բոլորը մասնակցեն, տեղին չէ: Պատվի՛ր ծնողներիդ, նշանակում է ամեն ոլորտում փորձառություն ունեցողի նկատմամբ պետք է դու պատշաճ վերաբերմունք դրսևորես: Մենք որպես կուսակցություն հրավեր չենք ստացել: Իրենք բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ԱԻՄ-ը մայր կազմակերպություն է, որ իրենց բոլորի գործունեությունն իրար միացրած՝ բազմպատկած հազարով, ԱԻՄ-ի ներդրմանը չի հասնի»:
Հարցին՝ եթե հրավիրեն կմասնակցե՞ք, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Եթե հրավիրեն, մենք կասնեք, որ վերջին շրջանում դուք խոսում եք նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, ճիշտ է այլ շեշտադրումներով, բայց դուք ասում եք այն, ինչի համար ես նույնիսկ հացադուլ արեցի: Եթե ժողովուրդը հավաքվի և տևականորեն պահանջի նաև հրաժարական, ես կփորձեմ օգնել, որպեսզի հասկանալի դառնա, որ այդ հրաժարականը նախ և առաջ պետք է վերաբերվի Հայաստանի արժեքային համակարգին»: