Հայաստանի և Ղարաբաղի միջև որևէ սահման չի լինի. քաղաքագետ
Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, ասաց, որ եթե որևէ խոչընդոտ չլինի Մինսկի կամ Աստանայի կողմից, ապա փաստաթուղթը կստորագրվի.
«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության, և՛ տնտեսական առումներով մեծ նշանակություն ունի: Բնականաբար, շատերը դա կապում են նաև Արցախյան հարցի և Արցախի հետագա հնարավոր տնտեսական, քաղաքական իրավիճակի հետ: Գլխավոր քննադատական ալիքը կապված է հենց այս խնդրի հետ: Նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին ընդունված որոշումը մեծ մասով պայմանավորված էր հենց Արցախի հարցով: Այսինքն՝ հարցն այն էր, որ Հայաստանի ընտրությունը պայմանավորված էր ոչ թե տնտեսական ինչ-որ հանգամանքներով, այլ աշխարհաքաղաքական, ռազմավարական, անվտանգության հանգամանքներով»,-պարզաբանեց նա:
Քաղաքագետը նկատեց, որ ՀՀ իշխանությունները երեք-չորս տարի կապիտալի մեծ մասը ներդրել էին հակառակ ինտեգրացիոն գործընթացի ՝ Եվրոպական միության ասոցացման պայմանագրի մեջ, և, բնականաբար, չափազանց դժվար էր անել հակառակ մի ընտրություն, եթե չլիներ այն լուրջ սպառնալիքը, որը կար:
«Փաստացի ստացվեց այն, որ փորձելով ընտրել չարյաց փոքրագույնը (իսկ ես համոզված եմ, որ անցած տարվա սեպտեմբերին հենց այդ տրամաբանությամբ էր փորձում շարժվել Հայաստանի ղեկավարությունը), միգուցե ստացվեց աղետալի զարգացումներից խուսափել, որովհետև ոչ-ոք չի բացառում, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը հանդիսանում է ԱՊՀ տարածքում ռուսական խոշորագույն սպառազինությունների գնողը, եթե Հայաստանը փորձեր ընդդիմանալ Մոսկվայի այդ ճնշումներին կամ համոզմունքներին, բնականաբար, հնարավոր է, որ Ուկրաինայում տեղի ունեցածի նման մի բան տեղի ունենար նաև Հայաստանում՝ լինի դա արցախյան ճակատում ինչ-որ ռազմական գործողությունների վերսկսման կամ որևէ այլ ձևով»,-ասաց նա:
Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ ՀՀ և ԼՂՀ հետագա տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ ոլորտներում համագործակցության դիտարկման դեպքում՝ հասկանալի է դառնում, որ դա կազմում է ընդհանուր մի տարածք, և բնականաբար որևէ սահման՝ սկսած տնտեսականից, վերջացրած ռազմականով, Հայաստանի և Ղարաբաղի միջև չի լինի:
Ռազմիկ Մարտիրոսյան