
Եթե Թուրքիան ենթարկվի հարձակման, ապա ՆԱՏՕ-ն կմիջամտի. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ունի արտակարգ դեպքերի համար նախատեսված պլան, եթե Թուրքիայի տարածքը սպառնալիքի տակ հայտնվի Սիրիայի կողմից:
Յըլմազի խոսքերով՝ երբ Սիրիայում դեռ նոր էին սկսվել բողոքի ակցիաները, Թուրքիան ՆԱՏՕ-ին խնդրել է մշակել անկանխատեսելի դեպքերի համար նախատեսված պլան՝ հաշվի առնելով հանգամանքների տարբեր ընթացքը:
Յըլմազն ընդգծել է, որ հարձակման ենթարկվելու դեպքում ՆԱՏՕ-ն կյանքի կկոչի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը, որում նշված է, որ դաշինքի անդամ մեկ կամ մի քանի երկրի վրա կատարված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չի բացառել, որ ՆԱՏՕ-ն կարող է զորքեր տեղակայել Թուրքիայի տարածքում: