 
                        Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա. Ուսուպաշվիլի
 
                                    Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների ղեկավարներ Գալուստ Սահակյանն ու Դավիթ Ուսուպաշվիլին, չնայած արտաքին քաղաքական կուրսերի տարբերություններին, հաստատել են համագործակցելու ու միմյանց շահերը պաշտպանելու մասին երկու երկրների մտադրությունները:
Ուսուպաշվիլին երեկ Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ չնայած Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շնորհիվ ընտրել է եվրաինտեգրման ուղին, իսկ Հայաստանը, ելնելով իր ռազմավարական շահերից ու իր ինքնիշխան իրավունքից, պատրաստվում է անդամակցել Եվրասիական միությանը՝ մեր երկրների միջև հարաբերություններում ոչինչ չի փոխվի դեպի վատը:
Ընդհակառակը, մենք պայմանավորվել ենք պաշտպանել միմյանց շահերն այդ միավորումներում»: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առևտրային-տնտեսական հարցեր: Ընդգծվել է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև պետք է լինեն ավելի մեծ տրանսպորտային հանգույցներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        