
Հոնգկոնգում իր աշխատանքը վերսկսել է կառավարական համալիրը

ТАСС-ի փոխանցմամբ՝ Հոնգկոնգում, ուր աստիճանաբար նկատվում է ուսանողների զանգվածային հանրահավաքների անկում, այսօր իր աշխատանքներն է սկսել կառավարական գլխավոր համալիրը:
Ներկայումս քաղաքի կենտրոնում շարունակում են մնալ տասնյակ ցուցարարներ: Սակայն նրանք իրենց պահում են խաղաղ և չեն խոչընդոտում վարչական շենք պետծառայողների մուտքին: Ճանապարհի մի մասը նախկինի նման փակ է տրանսպորտի անցման համար:
Դա լուրջ խցանումներ է առաջացրել և վերստին խաթարել է տասնյակ երթուղիներով ավտոբուսների երթևեկը: Ընդհանուր առմամբ, Հոնգկոնգում իրավիճակը հանդարտ է: Այսօր վերսկսվել են Հոնգկոնգի կենտրոնական շրջաններում գտնվող միջնակարգ դպրոցների դասընթացները: Մանկապարտեզներն ու տարրական դպրոցները դեռ փակ են: