Բաժիններ՝

Օջալանը սպառնում է վերջ դնել թուրք-քրդական հաշտեցման գործընթացին

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ վերջին ժամերին «Իսլամական պետություն» արմատական խմբավորման ստորաբաժանումները հաջողությամբ վերսկսել են Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ հարձակումը: Դրա գրավումը ջիհադականներին հնարավորություն կտա միավորել իրենց տիրույթներն Իրաքում ու Սիրիայում:

Տեղաբնակների խոսքերով՝ զինյալները քաղաքին են մոտեցրել տանկեր ու հրետանի, որոնք մի քանի ամիս առաջ առանցքային դեր են խաղացել Իրաքի երկրորդ խոշոր քաղաքի՝ Մոսուլի գրավման ժամանակ: Հրաձգային զենքով զինված քուրդ աշխարհազորայիններն ի վիճակի չեն կանգնեցնելու ջիհադականների գրոհը:

Օրեր առաջ Քոբանիի բնակիչները դիմել էին մերձակա երկրներում բնակվող քրդերին՝ կոչ անելով օգնության գալ իրենց եղբայրներին: Սակայն, ինչպես հայտարարել են քուրդ առաջնորդները, թուրք սահմանապահները հրաժարվել են թույլատրել քուրդ աշխարհազորայինների մուտքը Սիրիայի տարածք:

Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, դիմելով Թուրքիայի կառավարությանը, հայտարարել է, որ եթե նա չկանգնեցնի Քոբանիի սպանդը, ապա վերջ կտրվեն թուրքերի ու քրդերի միջև խաղաղության բանակցություններին. «Ես Թուրքիայի բոլոր քաղաքացիներին, որոնց համար կարևոր է դեմոկրատական գործընթացը, կոչ եմ անում կանխել Քոբանիի անկումը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենք Քոբանին կպաշտպանեն «Իսլամական պետություն» խմբավորումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս