«Իսլամական պետությունը» մտադիր է Թուրքիայի տարածքով ահաբեկիչներ գործուղել Եվրոպա
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման ղեկավարությունը պլանավորում է Եվրոպա ուղարկել ահաբեկիչների, որոնք կներկայանան որպես փախստականներ: Այս մասին հայտնել են ամերիկյան հետախուզական ծառայությունները՝ գաղտնալսելով խմբավորման ղեկավարության բանակցությունները:
Ակնկալվում է, որ ահաբեկիչների խումբը, որը բաղկացած կլինի 4 անձից, սիրիացի փախստականների հոսքի հետ միասին նախ կհայտնվի Թուրքիայում, որտեղից էլ կեղծ անձնագրերով կուղևորվի դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ:
Ամերիկյան հետախուզությունը մասնավորապես պարզել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները չեն օգտվելու ինքնաթիռներից, քանի որ օդանավակայաններում գործում է ուժեղ վերահսկողություն:
Հոկտեմբերի 5-ին ԵՄ-ի անդամ 8 երկրներ (Մեծ Բրիտանիա, Դանիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Իսպանիա ու Նիդերլանդներ) հանդես են եկել սահմանային վերահսկողության ուժեղացման օգտին՝ կապված օտար զինյալներից բխող սպառնալիքի հետ: