
«Իսլամական պետությունը» ցանկացել է տիրել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվությանը

Sunday Times թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը դիտարկել է Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու պլանը՝ նպատակ հետապնդելով տիրել միջուկային տեխնոլոգիաների մասին տեղեկատվությանը:
Այս մասին է վկայել թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, որը հայտնաբերվել է «Իսլամական պետության» ենթադրյալ ղեկավարներից մեկի՝ Աբդուլլահ Ահմեդ ալ-Մեսհեդանիի մոտ, որին համարում են խմբավորման ռազմական գաղտնի խորհրդի վեց ղեկավարներից մեկը:
Փաստաթուղթը հայտնաբերվել է 2014 թվականի մարտին, երբ իրաքցի հատուկջոկատայինները խուզարկել են «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի տունը: Դրանում խոսք է գնացել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվությանը տիրելու պլանի մասին:
Ներկա դրությամբ արևմտյան հատուկ ծառայություններն ուսումնասիրում են այդ փաստաթուղթը, որը պարունակում է 70 տարբեր ռազմական պլան: