Թուրքական բանակը Սիրիայի տարածքում հարվածել է թե՛ «Իսլամական պետության», թե՛ տեղի քրդերի դիրքերին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի տարածքում տասնյակ հարվածներ են հասցրել ինչպես «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին, այնպես էլ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG):
Հարվածները հասցվել են «Ֆըրթընա» (թարգմանաբար՝ Փոթորիկ) ինքնագնաց հաուբիցով: Մասնավորապես, թուրքական կողմը հարվածել է «Իսլամական պետություն» խմբավորման երկու փոխադրամիջոցի և YPG-ի մարտկոցներին:
Դրա հետ կապված՝ թուրքական մամուլը գրել է, որ AN-TPQ 36 տիպի ռադարները հայտնաբերում են թիրախները, ինչից հետո «Ֆըրթընան» հարվածում է դրանց: Ընդգծվում է, որ թիրախներ գտնելու համար կարիք չկա սահմանային գոտում օդ բարձրացնել F-16 կործանիչները, և որ այդ գործն անում են AN-TPQ 36 տիպի ռադարները:
Սրանից առաջ թուրքական կողմը քանիցս հայտարարել է, որ իրենք տարբերություն չեն դնում «Իսլամական պետություն» խմբավորման և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) միջև՝ գտնելով, որ այդ երկու կազմակերպությունների գործունեությունը սպառնալիք է ստեղծում մարդկանց համար: