Արտաշատի ակումբներից մեկում հարբած կինը վիճաբանել է մատուցողուհու հետ, գարեջրի շիշը ձեռքին պարել ակումբի պարահրապարակում
Դատարան է ուղարկվել Արտաշատի երիտասարդ բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ալկոհոլ օգտագործած վիճակում, Արտաշատ քաղաքում գտնվող ակումբներից մեկում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ՝ մոխրամանը փոխելու հարցի շուրջ վիճաբանության մեջ մտնելով ակումբի մատուցողուհու հետ, վերջինիս հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելով, գարեջրի պարունակությունը սեղանին լցնելով, գարեջրի շիշը ձեռքին հասարակական վայրում ակումբի պարահրապարակում պարելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղավոր ճանաչվելու դեպքում կինը կարող է պատժվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: