Անմեղսունակ երիտասարդը Դուբայ-Երևան չվերթի ժամանակ քաշել է բորտուղեկցորդուհու շարֆից, ապա ամբողջությամբ մերկ դուրս եկել զուգարանից
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ հոգեկան հիվանդություն ունեցող երիտասարդը ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Դատարանը որոշել է նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց արտահիվանդանոցային հարկադիր բուժում և հսկողություն տեղամասային հոգեբույժի մոտ:
Իր որոշման մեջ առաջին ատյանի դատարանը նշել է, որ նախաքննական մարմնի որոշման համաձայն՝ երիտասարդը գործնական նպատակով ընտանիքի հետ մեկնել է Դուբայ քաղաք, որտեղ դադարեցրել է բժիշկների կողմից նշանակված դեղահաբեր խմելը, ինչի հետևանքով վերջինիս մոտ տեղի է ունեցել հոգեկան հիվանդության սրացում: Նրան Դուբայ-Երևան չվերթով ուղարկել Հայաստան: Դատարանը նշել է, որ նախաքննական մարմնի որոշման համաձայն՝ վայրէջքից 40 րոպե առաջ նա սկսել է իրեն ագրեսիվ պահել, ծխել օդանավում և չենթարկվելով օդանավի անձնակազմի օրինական պահանջներին, քաշել է բորտուղեկցորդուհու պարանոցին կապված շարֆից, մեկ անգամ ոտքով հարվածել բորտուղեկցորդի ոտքին և մոտ 40 րոպե տևողությամբ տվել անհասցե հայհոյանքներ:
Վայրէջքից հետո, երբ օդանավից դուրս են եկել ուղևորները, օդանավի անձնակազմի պահանջով օդանավի մոտ եկած անվտանգության և ոստիկանության աշխատակիցները փորձել են նրան համոզելով օդանավից դուրս հանել, սակայն վերջինս չի լսել և չի ենթարկվել նրանց, հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Դուբայ քաղաք և շարունակել անհասցե հայհոյանքներ տալ: Որոշ ժամանակ անց նա զուգարան գնալու ցանկություն է հայտնել և նրան թույլատրել են մտնել օդանավի զուգարան: Մի քանի րոպե անց նա դուրս է եկել օդանավի զուգարանից լրիվ մերկ վիճակում և օդանավի անձնակազմի, օդանավակայանի անվտանգության և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շրջելով օդանավի մեջ` շարունակել է անիմաստ ինչ-որ բաներ խոսել և անհասցե հայհոյանքներ տալ: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին և բերման ենթարկել ոստիկանության գծային բաժին:
Դատարանի որոշման համաձայն՝ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ երիտասարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրավախախտումը կատարելիս նա գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից, ուստի նա ճանաչվել է անմեղսունակ: Այդ պատճառով նախաքննության մարմինը որոշումներ է կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության կատարման պահին անմեղսունակության վիճակում գտնվելու պատճառաբանությամբ և բշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին: