ԵՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը վճարում չի կատարի 2015 թվականին. Լիխաչով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը հոկտեմբերի 10-ին Մինսկում կքննարկի մասնակից երկրների կողմից վճարումների բաշխման հարցը՝ հաշվի առնելով միությանը Հայաստանի հնարավոր միացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը:
Սրանից առաջ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ մինչև հոկտեմբերի 10-ը կպատրաստվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, ինչը ստորագրման դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Լիխաչովն ընդգծել է, որ ներկայումս վճարումների մասնաբաժնի բանաձևը համապատասխանում է ներկրման մաքսատուրքերի բաշխման բանաձևին.
«Ռուսաստանի մասնաբաժինը մոտ 88 տոկոս է, Բելառուսինը՝ 4.7 տոկոս, իսկ Ղազախստանինը՝ 7.3 տոկոս: Նույն հարաբերակցությամբ էլ ներկայումս վճարումներ են իրականացվում միության պահպանման համար: Եվրասիական հանձնաժողովը դեռ առաջարկում է այդ սանդղակն ապագա միությունում պահպանել 2015 թվականին»:
Լիխաչովն ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի միանալու հանգամանքը, անհրաժեշտ կլինի 2016 թվականից կատարել այդ վճարումների վերաբաշխում: Նա մանրամասնել է, որ Հայաստանին բաժին կընկնի վճարումների 1 տոկոսը: ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը վճարումներ չի կատարի 2015 թվականին:
Լիխաչովի խոսքերով՝ ներկայումս մաքսային միության մասնակից երկրների ընդհանուր վճարը կազմում է տարեկան 5.5 միլիարդ ռուբլի, ինչը պահպանվելու է նաև հաջորդ տարում.
«Այդ գումարից 5 միլիարդը նախատեսված է հանձնաժողովի պահպանման համար, իսկ 500 միլիոնը՝ միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու գործարկման համար»: