Ուկրաինան Եվրոպայից գազի ռևերսից տնտեսել է մոտ 500 միլիոն դոլար
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ եվրոպական շուկայում Ուկրաինայի գնած ռևերսային գազն արժեցել է մոտ 500 միլիոն դոլարով ավելի պակաս, քան ռուսական վառելիքի պարագայում է: Այս մասին հայտնել է Ուկրաինայիա կառավարության մամլո ծառայությունը:
Ուկրաինայի կառավարության անդամ Օստապ Սեմերակը հայտարարել է. «Եթե ԵՄ-ի շուկայում ռևերսային պայմանագրերով Ուկրաինայի վճարած գազի գինը համեմատենք այն գնի հետ, որն առաջարկում էր Ռուսաստանը, ապա կտեսնենք, որ եվրոպական շուկայում գնած գազն Ուկրաինայի համար արժեցել է մոտ 500 միլիոն դոլարով ավելի էժան, քան այն գազը, որը մենք կգնեինք Ռուսաստանից»:
Ուկրաինան 2014 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրեթե 32 տոկոսով մեծացրել է Եվրոպայից գազի ռևերսային մատակարարումները՝ այն հասցնելով մինչև 2.2 միլիարդ խորանարդ մետրի: Ուկրաինան այդ գազը ստանում է Սլովակիայից, Լեհաստանից ու Հունգարիայից: