Բաժիններ՝

«Որդուս սպանել են երեկոյան, առավոտյան հրամանով ազատել են զորամասի հրամանատարին» (տեսանյութ)

«Մեկ տարի ծառայելուց հետո՝ 2013 թվականի հուլիսի 30-ին, գումարտակի հրամանատարը՝ Էմիլ Զավենի Ավետիսյանը, զենքով (որը գրանցված չէ եղել որդուս վրա) սպանել է որդուս և թողնել է նրան անօգնական. որդիս մահացել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2013 թվականին զինծառայության ընթացքում մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրդյանը, որն այսօր կառավարության շենքի դիմաց պահանջում էր, որ իր որդու դեպքի առթիվ դատական նիստը տեղի ունենա Հայաստանում:

Մեզ հետ զրույցում Հ. Մուրադյանը պատմեց, որ իր որդին 2011 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ և 6 ամիս Լուսակերտի ուսումնական զորամասում ծառայելուց հետո՝ 2012 թվականի մայիսի 12-ից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք:

Իսկ 2013 թվականին տեղի է ունեցել դեպքը, որն ըստ Հ. Մուրադյանի՝ եղել է սպանություն. «Ինչպես մեր ունեցած բոլոր փաստերն են վկայում կատարվածը եղել է ոչ թե ինքնասպանություն, ինչպես խեղաթյուրել է նախաքննությունը, այլ եղել է սպանություն: Նախ, զենքը գրանցված չէ որդուս անունով, զենքի վրա չկան մատնահետքեր, կեղծված է զենքի ստացման մատյանը, և չկան վկաների ցուցմունքները:

Միակ փաստը, որ իրենք ունեն՝ կեղծել են զորամասի հրամանագիրքը, որի համաձայն՝ զենքը պատկանում է Արմանին, բայց զենքն Արմանին չի պատկանել, որովհետև ոչ մի զինվոր զորամասում ծալովի խզակոթով ավտոմատ չունի, որն ուղարկվել է փորցաքննության: Հանցավոր նախաքննության արդյունքում սպանությունը որկավել է որպես ինքնասպանություն և գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի նստավայրն է Ստեփանակերտ քաղաքը: Մեր միակ պահանջն այն է, որ դատական նիստը ընթանա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաք Երևանում»:

Հ. Մուրադյանը նշեց, որ 5 ամսից ավելի է՝ իրենք պայքարում են, բայց իշխանությունները սուտ խոստումներ են տալիս և չեն բավարարում իրենց պահանջը.

«Բոլոր ատյաններին դիմել ենք: Դատական դեպարտամենտից ստացած պատասխան նամակի համաձայն՝ Հայաստանում դատարաններն անկախ են, այսինքն՝ դատարանները կարող են դատական նիստերն անցկացնել և՛ Բաքվում, և՛ Անկարայում, և՛ Աղվանստանում»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է նա իմացել սպանության մասին, Հ. Մուրադյանն ասաց, որ զինվորներն են պատմել. «Ուղղակի նա, ով պատմել է, այսօր ներքին ճնշման արդյունքում հեռացել է Հայաստանից: Անգամ զինվորն ինձ պատմել է, թե ինչպես է իր ներկայությամբ քննիչը մաքրել զենքի վրայի մատնահետքերը»:

Հարցին՝ պատճառն ի՞նչ է եղել, որ նման բան են արել, նա պատասխանեց, որ սպանության համար պատճառ է հանդիսացել զորամասի հրամանատարին փոխելը.

«Դեպքից 12 օր առաջ ես զրուցեցի զորամասի շտաբի սպաներից մեկի հետ, որն ինձ ասաց, որ ուզում են ինչ-որ «չեպե» անեն, որ զորամասի հրամանատարին փոխեն: Որդուս սպանել են երեկոյան, առավոտյան հրամանով ազատել են զորամասի հրամանատարին և մի ուրիշին են նշանակել»:

Ա. Մուրադյանի հայրն ասաց, որ իրենք մայիսի 10-ից կանգնած են կառավարության շենքի մոտ: Մեր հարցին, թե որևէ արձագանք չե՞ն ստացել մինչ այս, նա այսպես պատասխանեց. «Նույնիսկ հանդիպում ենք ունեցել վարչապետի, պաշտպանության նախարարի և արդարադատության նախարարի հետ: Բոլորն էլ խոստացել են, բայց արդյունքը զրո է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս