
Հնդկաստանի վարչապետը հայտարարել է «Մաքուր Հնդկաստան» կամպանիայի մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիան խոստացել է երկիրն աղբից մաքրել 5 տարում: Մոդին հայտարարել է «Մաքուր Հնդկաստան» կամպանիայի մասին, որի համար որպես խորհրդանիշ է ընտրվել Մահաթմա Գանդիի կլոր ակնոցը, քանի որ նա ողջ կյանքի ընթացքում երազել է, որ երկիրը ձերբազատվի կեղտից:
Մոդին հանձանարարել է, որ մինչև Գանդիի ծննդյան 150-ամյակը, որը երկրում նշելու են 2019 թվականին, ողջ Հնդկաստանում փողոցները դառնան մքաքուր, ինչին իշխանությունները մտադիր են հասնել երկու ճանապարհով:
Նախևառաջ նրանք կազմակերպել են հասարակական շարժում, որի մասնակիցները երդում են տվել, որ տարեկան 100 ժամ հատկացնելու են մաքրման աշխատանքներին: Դրան արդեն իսկ միացել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ վարչապետ Մոդիի գլխավորությամբ:
Բացի այդ, կառավարությունը խոստացել է խստացնել չնախատեսված վայրում աղբ նետելու համար տուգանքը՝ այն հասցնելով մինչև 5000 ռուփիի (մոտ 80 դոլար): Հնդկաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ մտադիր է մաքրման աշխատանքների համար հատկացնել 2 տրիլիոն ռուփի (մոտ 33 միլիարդ դոլար): Համեմատության համար նշվում է, որ Հնդկաստանի՝ այս տարվա ռազմական բյուջեն կազմում է 36 միլիարդ դոլար: