Ստեղծված իրավիճակը վկայում է, որ ոչ ոք Հայաստանին չի պարտադրել միանալ Մաքսային Միությանը

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը և Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետի տեղադրմանը, Անդրիաս Ղուկասյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ եթե Արցախը մնում է մաքսային տարածքից դուրս, ապա դա միանշանակորեն անդրադառնալու է այսօր Հայաստանի ու Արցախի միջև գոյություն ունեցող հարաբերությունների բոլոր կողմերին.

«Ենթադրում եմ, որ այդ դեպքում Արցախից Հայաստան մտնող քաղաքացիները ստիպված կլինեն ստանալ վիզա կամ առնվազն իրենց անձնագրում պետք է կատարվի համապատասխան նշում, որ իրենք անցել են ՄՄ-ի սահմանը: Կան նաև այլ խնդիրներ, քանի որ այսօր Արցախի քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի քաղաքացիների անձնագրերից, այսինքն՝ նույնատեսակ անձնագրեր ունեն: Ըստ երևույթին՝ այդ ոլորտում էլ որոշակի փոփոխություններ պիտի լինեն:

Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, ապա այդ սահմանով անցնող ապրանքների նկատմամբ պիտի կիրառվեն ՄՄ-ի կողմից կիրառված մաքսերը, ինչը նույնպես կստեղծի իրավիճակի փոփոխություն: Երրորդ հանգամանքը զենքի, սպառազինութունների և զինված ուժերի շարժն է այդ սահմանային գծով, որն ըստ երևույթին ֆիքսվելու է ՄՄ-ի մարմիններում և բնականաբար ռազմական տեսակետից հայկական կողմը որևէ գաղտնիք չի կարողանա պահպանել, քանի որ դրանք հայտնի կդառնան առնվազն Ղազախստանին, Բելառուսին և Ռուսաստանին, մեր պետական գաղտնիքները թափանցիկ կդառնան Ադրբեջանի համար: Թե ինչպես են նման խնդիրների լուծումը պատկերացնում Հայաստանի իշխանությունները, ես չգիտեմ: Սա շատ լուրջ վտանգ է իրենից ներկայացնում»:

Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին չի համապատասխանում ո՛չ Եվրասիական միության պետությունների շահերին, ո՛չ էլ Հայաստանի շահերին: Նրա խոսքով՝ սա ընդամենը քաղաքական պրոյեկտ է Սերժ Սարգսյանին փրկելու համար.

Կարդացեք նաև

«Բացի Սերժ Սարգսյանից՝ որևէ մեկին այդ նախագիծը որևէ բան չի բերում: Հայաստանը տնտեսական առումով չի կարող որևէ կերպ օգտակար լինել ՄՄ-ում: Բացի այդ՝ Հայաստանի իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ իրենք ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին դիտարկում են որպես հնարավորություն գործել ՄՄ-ի դեմ, այսինքն՝ պայմաններ ստեղծել, որպեսզի եվրոպական ապրանքները Հայասատանի միջոցով գնան-մտնեն ՄՄ-ի տիրույթ: Սա վկայում է այն մասին, որ այդ անդամակցությունից ոչ մի տեսլական չկա:

Ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ ոչ ոք Հայաստանին չի պարտադրել միանալ Մաքսային Միությանը: Դա արդեն պարզ ճշմարտություն է: Ըստ երևույթին՝ սա Սերժ Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի փրկության ծրագիրն է եղել: 2013թ. ընտրությունները նրա համար հանդիսանում են տապալում և դրանից հետո նա իշխանությանը մոտ մնալու միակ ճանապարհը տեսել է ՄՄ-ի հետ անդամակցելու գործում: Որևէ այլ բան այստեղ չեմ տեսնում՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ անվտանգության»:

Տեսանյութեր

Լրահոս