Բաժիններ՝

«Ավելի քան մեկ տարի ջուր չունեմ ապօրինի շինարարության պատճառով». բաց նամակ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.

Ի լրումն իմ բազմաթիվ նույնաբովանդակ դիմում-բողոքների իմ կողմից ներկայացվող իմ բնակարանի նկատմամբ կատարված անօրինականությունների՝ մի պարագայում, ավելի քան մեկ տարի ջուր չունեմ: Քանի որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի առաջին հարկի ընդհանուր օգտագործման տարածքում՝ հենց մուտքամասում, թիվ 5 բնակարանի սեփականատիրոջ կողմից առանց համապատասխան քաղ. շին. փաստաթղթերի ձևակերպման, երկաթյա հավաքովի ենթակառուցվածքով ապօրինաբար փակվել է իմ՝ թիվ 3 բնակարանի պատը, որի մեջ է գտնվում բաղնիք-զուգարան հատվածի ջրագծի և կոյուղագծի վթարային հորանը: Դա տարիներ շարունակ ինձ համար ստեղծել է տեխնիկական լուրջ խնդիրներ: Այդ պատճառով իմ բնակարանի մուտքամասը զրկված է նաև համապատասխան բնական լուսավորությունից:

Համատիրությունը՝ որպես կառավարման մարմին, միտումնաբար հրաժարվում է վերականգնել ջրամատակարարումը՝ պատճառաբանելով, թե հնարավոր չէ մոտենալ ջրագծի կանգնակին՝ չփորձելով անդրադառնալ կատարված անօրինականություններին: Մուտքամասում ապօրինի ենթակառուցվածքն առկա է, փաստ է, որ իմ բնակարանի պատն ապօրինաբար զավթված է, իսկ բաղնիք-զուգարան հատվածի ջրամատակարարման ապահովումը տեխնիկապես հնարավոր չէ վերականգնել հենց այդ պատճառով: Նման փաստը քաղաքային իշխանությունն իրավունք չունի անտեսել:

Կա մյուս խնդիրը: Այս դեպքում, նույն շենքի արդեն թիվ 9 բնակարանի սեփականատիրոջ կողմից, կրկին առանց համապատասխան քաղ. շին. փաստաթղթերի ձևակերպման, ապամոնտաժվել է թիվ 3 բնակարանի ընդհանուր օգտագործման օդափոխության ուղղաձիգ բետոնե համակարգը, որի պատճառով տասը տարուց ավելի զրկված եմ բազմաբնակարան շենքի սեփականատերերին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օդափոխության հորանի նպատակային օգտագործումից:

Բնակարանում չկա ցիրկուլյացիոն օդափոխություն, և զրկված եմ բնական գազ ունենալու հնարավորությունից: Օդափոխության համակարգի վերականգնման մասով կա դատարանի վճիռ: Մինչդեռ «Կենտրոն» համատիրության մասնագետների ապօրինի գործողությունների պատճառով այն կատարվել է մասնակի, բազմաթիվ լուրջ թերություններով, չեն պահպանվել տեխ. անվտանգության քաղ. շին. պահանջվող նորմերը:

Դա հաստատվում է «Երվա-Գազ» ՍՊԸ-ի և քաղ. շին. պետտեսչության կողմից տրված եզրակացություններով: Ըստ վերջինիս, Երևան քաղաքում ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման և դրանց հետևանքների վերացման իրավասությունը վերապահված է Երևանի քաղաքապետարանին:
Փաստերն աղաղակող են. Ջուր չունեմ, չկա օդափոխություն:
Իմ բողոքների պարագայում քաղաքային իշխանությունները կատարված անօրինականությունները վերացնելու ուղղությամբ իրականում ոչինչ չեն ձեռնարկում, ավելին, իրենց ապօրինի գործողություններով հոգեբանական ագրեսիա են կիրառում ինձ վրա՝ ստեղծելով վախի ու շանտաժի մթնոլորտ: Նույն աշխատաոճով են ղեկավարվում նաև ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանն ու խորհրդատու Գոռ Դարբինյանը: Խնդիրը լուծում չի ստանում, քանի որ, ինչպես մեզանում ընդունված է ասել, մի բուռ ազգ ենք՝ իրար ծանոթ ու բարեկամ: Կա նաև Երևանի քաղաքապետի թողտվությունը: Դա հաստատում է նրա ենթակաների կողմից արվող հայտարարություններով ու ապօրինի գործողություններով:
Հ.Գ. Գործի ելքով կան մի խումբ շահագրգիռ անձինք.
Անօրինականություն կատարած թիվ 5 բնակարանի սեփականատիրոջ որդին՝ նույն ինքը՝ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակից Վարդան Աբրահամյանը, նրա ընկերը ոմն երգիչ Մարտին Մկրտչյանը, որն, ի դեպ, ըստ նրանց հայտարարության՝ Տարոն Մարգարյանի մոտիկ ընկերն է, երգչի մյուս ընկերը՝ գլուխգործոցը, ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության աշխատակից Արման Ղազարյանն էլ ստանալով ծառայության վերադասի աջակցությունը՝ միջնորդում է համապատասխան մարմիններին՝ այս պարագայում, «Կենտրոն» համատիրությանը, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, Երևանի քաղաքապետարանին, խնդիրը մտցնել փակուղի: Ասեմ նաև, որ ծառայության ղեկավարի մոտ ընդունելության ընթացքում նրա հետ ձեռնամարտը փրկեց իմ կին լինելու հանգամանքը:
Եվ սա բոլորը չէ…

Ստացվում է՝ մեր երկրում, անգամ նախագահականում, ցանկացած պաշտոնյա, առաջացած խնդիրներին լուծում տալու փոխարեն՝ կարող է հոգեբանական ագրեսիայի ու շանտաժի պայմաններում ոտնահարել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը և անպատիժ մնալ:

Խիստ անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում եմ՝ իմ բողոքները հետ կանչել Երևանի քաղաքապետարանից, դիմումս վերցնել հսկողության տակ, միաժամանակ ստեղծել անկախ փորձագետների աշխատանքային խումբ իմ բնակարանի նկատմամբ կատարված անօրինականությունները վերացնելու ուղղությամբ: Այն է՝ ապամոնտաժել իմ բնակարանի մուտքամասում թիվ 5 բնակարանի սեփականատիրոջ կողմից ապօրինի կառուցված երկաթյա հավաքովի ենթակառուցվածքը, ապա նաև՝ վերականգնել իմ բնակարանի ցիրկուլյացիոն օդափոխության համակարգը:

Հարգարժան պարոնայք, ձեզ ուղղած իմ բազմաթիվ բողոքներում հանգամանքներն ավելի քան հաստատված են. Ջուր չունեմ, չկա օդափոխություն: Այն, որ մուտքամասում երկաթյա ենթակառույց է առկա, և այն պատկանում է Ոստիկանության սպա Վարդան Աբրահամյանի ընտանիքին, ոչ ոք չի կարող հերքել: Ձեր իսկ աշխատակազմում են խախտվում իմ իրավունքները, քանզի ձեզ իսկ հասցեագրված բողոքները լուծման են ուղարկվում այն պաշտոնատար անձանց, որոնց ապօրինի գործողությունները բողոքարկվում են:
Ձեզանից պահանջում եմ հարգել ՀՀ քաղաքացու սահմանադրական իմ իրավունքը:

Անկեղծ հարգանքներով՝
Զիլինա ՄնացականյանԵրևան, Աղայան 7, բն. 3,
հեռ. 094 54 68 96

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս