
Զուրաբ Ժվանիայի թիկնապահների գործը դիտարկելու է երդվյալ ատենակալների դատարանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2005 թվականին մահացած Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիկնապահներ Միխայիլ Ձաձամիայի ու Կոբա Խարշիլաձեի գործը դիտարկելու է երդվյալ ատենակալների դատարանը:
Նրանք մեղադրվում են ծառայողական անփութություն ցուցաբերելու մեջ: Երդվյալ ատենակալներ ընտրելու գործընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 22-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է նախօրեին՝ նախնական լսումների ժամանակ:
Հետաքննությունը վստահեցնում է, որ 2005 թվականի փետրվարի 3-ի գիշերը Վրաստանի վարչապետի թիկնազորի պետ Ձաձամիան ու թիկնազորի անդամ Խարշիլաձեն հուսալիորեն չեն կատարել իրենց վրա դրված պարտականություններն ու անպաշտպան են թողել Ժվանիային, որին այդ ժամանակահատվածում հայտնաբերել են մահացած վիճակում:
Բացի այդ, Ձաձամիան Պետական պահպանման հատուկ ծառայության համաապատասխան բաժնին չի հայտնել պահպանման օբյեկտի տեղաշարժի մասին: Ամբաստանյալները, սակայն, հերքում են իրենց մեղավորությունը՝ հայտարարելով, թե կատարել են Ժվանիայի ցուցումները: