2015 թվականին G20-ում նախագահելու է Թուրքիան. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ օրենսդրական տարվա բացման կապակցությամբ խորհրդարանում պատմել է իրենց կառավարման 12 տարիների ընթացքում երկրի տնտեսական նվաճումների մասին:

Հիշեցնելով, որ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ 12 տարում իրենք Թուրքիայի ՀՆԱ-ն 230 միլիարդ դոլարից հասցրել են մինչև 820 միլիարդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը 3500 դոլարից հասցրել են մինչև 10.500 դոլարի:

Էրդողանի խոսքերով՝ եթե 1990-ական թվականներին Թուրքիայի Կենտրոնական բանկի արժութային պաշարները կազմել են 11 միլիարդ դոլար, իսկ 2002 թվականին՝ 27.5 միլիարդ դոլար, ապա ներկայումս այդ ցուցանիշը հասցվել է մինչև 132.5 միլիարդ դոլարի:

Էրդողանը հայտարարել է, որ վերջին 12 տարում Թուրքիայում կառուցվել է 17.000 կիլոմետր ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհներ, Անկարայի ու Ստամբուլի միջև սկսել են ընթանալ ճեպընթաց գնացքներ, Բոսֆորի նեղուցի հատակով կառուցվել է «Մարմարա» երկաթուղային թունելը:

Բացի այդ, կառուցվել է 268 ամբարտակ ու 53 լճակ, իսկ կառուցման փուլում է գտնվում 78 ամբարտակ ու 426 լճակ, Ստամբուլում կառուցվում է Սելիմ Ահեղի անունը կրող երրորդ կամուրջը, Ստամբուլում կառուցվելու է երրորդ խոշոր օդանավակայանը և ջրանցք:

Էրդողանն ընդգծել է, որ 2002 թվականին արտահանման ծավալը կազմել է 36 միլիարդ դոլար, մինչդեռ ներկայումս այն կազմում է 158 միլիարդ դոլար: Էրդողանը նշել է, որ իրենք պլանավորել են մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) երկրի ՀՆԱ-ն հասցնել 2 տրիլիոն դոլարի, մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը՝ 25.000 դոլարի, իսկ արտահանումը՝ 500 միլիարդ դոլարի:

Էրդողանը հայտարարել է, որ 2015 թվականին G20-ում նախագահելու է Թուրքիան:

Տեսանյութեր

Լրահոս