ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Փիրսոնը հրաժարական է տվել, ինչի պատճառն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հետ կապված վերջին միջադեպերն են:
Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ջոզեֆ Քլենսին, ով ավելի վաղ Գաղտնի ծառայությունում գլխավորել է ԱՄՆ նախագահի պահպանման բաժինը: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վճռել է, որ իր պահպանման ծառայությունը պետք է ունենա նոր ղեկավար:
Սեպտեմբերի երկրորդ կեսին գրանցվեցին մի շարք միջադեպեր, որոնք վկայեցին Գաղտնի ծառայության աշխատակիցների անուշադրության մասին: Սեպտեմբերի 20-ին Սպիտակ տան տարածք էր մուտք գործել 42-ամյա Օմար Գոնսալեսը: Իրաքյան պատերազմի վետերանը զինված էր եղել դանակով:
Սեպտեմբերի 21-ին Գաղտնի ծառայության գործակալները ձերբակալել էին Նյու Ջերսիի բնակչին, ով երկու անգամ փորձել էր մուտք գործել ԱՄՆ նախագահի նստավայր: Եվ վերջապես, երեկ էլ հայտնի դարձավ, որ Օբաման վերելակում գտնվել է անվտանգության զինված աշխատակցի հետ, ով ունի եռակի դատվածություն: