
Ուկրաինան խզել է Կերչի նեղուցի վրա ՌԴ-ի հետ համատեղ կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը խզել է Կերչի նեղուցի վրա Ռուսաստանի հետ համատեղ կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը: Այս մասին ուկրաինական կառավարության նիստի արդյունքներով հայտարարել է ուկրաինացի նախարար Օստապ Սեմերակը:
Նա մանրամասնել է, որ տվյալ համաձայնագրի նորմերի համաձայն, իրենք պետք է համաձայնագիրը խզելու իրենց մտադրության մասին ռուսական կողմին հայտնեին 6 ամիս առաջ. «Մենք արել ենք դա և այժմ բացարձակապես հանգիստ խզում ենք այդ համաձայնագիրը»:
Կերչի նեղուցի վրա կամուրջ կառուցելու մասին Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև նախանական պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2010 թվականի ապրիլին, այսպես կոչված խարկովյան համաձայնագրի շրջանակներում: Այն ժամանակ պլանավորված էր կամուրջ կառուցել մինչև 2014 թվականը՝ Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղեորի մեկնարկը: