Ո՞վ կկռահի՝ քանի գլխավոր դատախազ, ՀՔԾ-ի քանի պետ և քննչական խմբի քանի ղեկավար պետք է փոխվեն, որ մարտի 1-ը բացահայտվի

«ՀՀ նոր գլխավոր դատախազը պաշտոնավարում է մեկ տարի, ՀՔԾ-ի պետը՝ տարի ու կես: «Մարտի 1-ի» գործի քննչական խմբի արդեն երկրորդ ղեկավարն է փոխվում:
Դեպքերից անցել է 6.5 տարի: Բացահայտված չէ ոչ մի սպանություն, հրազենային վնասվածքներ հասցնելու և ոչ մի դեպք: Ո՞վ կկռահի՝ քանի գլխավոր դատախազ, ՀՔԾ-ի քանի պետ և քննչական խմբի քանի ղեկավար պետք է փոխվեն, որ մարտի 1-ը բացահայտվի»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ ՀՔԾ-ն հայտարարել է, թե «մարտի 1-ի» գործով իբր ակտիվ քննչական գործողություններ են կատարվում. «Այնքան ակտիվ, որ քննչական խմբի նոր ղեկավարի ինքնությունը գաղտնի է պահվում նույնիսկ տուժողների իրավահաջորդներից: Իսկ մեր ունեցած տեղեկությունների համաձայն այդպես էլ ստուգման ու քննության առարկա չեն դառնում ԶՈՒ–ի ներգրավման օրինականության, բանակի ստորաբաժանումների կողմից զենքի ու տեխնիկայի գործադրման, մարտի 1-2-ի դեպքերին ապօրինի զինված կազմավարումների մասնակցության հարցերը:

Մինչ օրս խնամքով պարտակում են ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տված պաշտոնյաների ինքնությունը: Նույնիսկ ոչ մասնագետի համար է ակնհայտ, որ չեն կարող չբացահայտվել մի քանի հազար ոստիակնների, զինծառայողների, հատուկ ծառայության աշխատակիցների ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի հանգամանքները: Ի՞նչ է, մեր օպերատիվ հետախուզական, քննչական ու դատախազական մարմինները պրոֆեսիոնալ անկարողների հավաքատեղի՞ են: Ի՞նչու է ի վերջո երկրի բարձրագույն իշխանությունը հանդուրժում նման իրավապահների: Այս պարագայում բացարձակ անընդունելի ու անհասկանալի է ԱԺ-ի լռությունն ու իներտությունը»:

Ջհանգիրյանը նշեց, որ բանակը սեփական ժողովրդի դեմ հանած, անմեղ քաղաքացիներին գնդակահարած մարդասպանների ու նրանց հովանավորների պատասխանատվության օրը գալու է:

Տեսանյութեր

Լրահոս