«Այս օրենքը ամենահակադեմոկրատական օրենքն է». Արամ Մանուկյան
«Այս օրենքը ամենահակադեմոկրատական օրենքն է: Սա մեր բանակի դեմ է»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 2008թ. մարտի մեկի գործողություններին մասնակցած զինվորները լուրջ սթրես են տարել, որ գիտեին զենքով գնում են մի տեղ, որտեղ իրենց մայրերն ու քույրերն են: Ա.Մանուկյանը հայտարարեց, որ հակամարդկային է, երբ զինվորը օգտագոծվում է ներքին խնդիրը լուծելու ժամանակ:
«Այն վիհը, որ 2008-ին առաջացել էր բանակի ու ժողովրդի միջև, շատ դժվարությամբ վերացավ: Հիմա բանակի նկատմամբ սեր և հարգանք կա: Բանկը քո երկրի երեխան է, որ միշտ պետք է փայփայվի և դառնա քո երկրի պահապանը»,- ասաց Ա.Մանուկյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձեց հակադարձել, որ ոստիկանությունն էլ է մեր սիրելին, բանակն էլ, ազգային անվտանգությունն էլ և հայտարարեց, թե չի ուզում, որ տարբերակում դրվի: Նա կոչ արեց դուրս գալ քաղաքական նիհիլիզմից և խնդիրները լուծել Սահմանադրական դատարանում: