«Արտակարգ դրության մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են. Գագիկ Ջհանգիրյան
«Արտակարգ դրության մասին» օրենքը մի շարք աղաղակող հակասություններ է պարունակում գործող Սահմանադրության հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ներկայացնելով «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Ըստ նրա՝ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են: Ջհանգիրյանը նշեց, որ Սահմանադրությունում Նախագահի, դատախազության, Ազգային խորհրդի և մյուս բոլոր ինստիտուտների լիազորությունները թվարկված են սպառիչ, որովհետև դրանով հակակշռում է պետական ինստիտուտներն ու մարմինները:
«Մենք օրենքով չենք կարող որևէ սահմանադրական մարմնի տալ որևէ լիազորություն, քան տրված է Սահմանադրությունով»,- ասաց Գ.Ջհանգիրյանը՝ նշելով, որ օրինակ վարչապետի նշանակման կարգով չի կարելի նշանակել նախագահ, նաև անվիճելի աքսիոմ է, որ օրենքով ստեղծվող ցանկացած մարմին նախատեսված լինի Սահմանադրությամբ և միայն Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններ կարող են ունենալ այդ մարմինները:
Գ.Ջհանգիրյանը նշեց, որ ՀՀ նախագահը արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառման լիազորություն չունի, միայն պատերազմի դեպքում կամ վտանգի դեպքում կարող է կիրառել, այն էլ միայն հատուկ դրություն հայտարարելուց հետո:
«Զինված ուժերի կիրառումը արտակարգ դրության ժամանակ հակասահմանադրական է»,- հայտարարեց Գ.Ջհանգիրյանը:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի՝ մարտի մեկի հրամանագրին ինչ գնահատական պետք է տալ, Գ.Ջհանգիրյանը պատասխանեց, որ մարտի մեկի հրամանագիրը հակասահմանադրական է և հետին թվով են փորձել օրինական տեսք տալ այդ հրամանագրին: