Թեժ քննարկում ԱԺ-ում. ով է կարգազանց պատգամավորը
Այլ պատգամավորների փոխարեն քվեարկելը կամ գրանցվելը հանցագործություն է: Այսպիսի որակում այսօր ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում իր հեղինակած փոփոխությունները ներկայացնելու ժամանակ տվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց և թափանցիկ դարձնելու ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները: Փոստանջյանի խոսքով՝ օրենքում ամրագրված չէ, թե անձամբ չգրանցվելու և/կամ չքվեարկելու դեպքում ինչ կարող է հետևել դրան և նման նորմի բացակայությունը վկայում է այն մասին, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել և/կամ քվեարկել նիստին ներկա որևէ այլ պատգամավոր: Առաջարկվող լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող և/կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված կարգապահական միջոցները:
«Բայց այսքանով չի սահմանափակվի, օրինակ՝ նիստը վարողի կարգապահության մասով պետք է օրինագիծ ներկայացնեմ: Հատկապես Դուք եք չարաշահում և այս առումով ռեկորդ եք սահմանել, Դուք եք ամենաշատը ընդհատել և անջատել խոսափողը»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը՝ դիմելով նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես դեմ չեմ, եթե պատգամավորը խախտում է օրենքը, պետք է պատժվի: Պարզապես մի խնդրանք՝ Ձեր կարծիքը մի ամրագրեք որպես օրենքի խախտում: Մենք պետք է պայքարենք օրինազանց պատգամավորների դեմ»,- պատասխանեց Է.Շարմազանովը:
ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը բողոքեց, որ մի փոքր զանցանքի համար պատգամավորներին «հանցագործ» չպետք է կոչեն: Ամեն դեպքում նա հիշեց կառավարության ծրագրի քննարկման ժամանակ գրանցված դեպքը, երբ երկու պատգամավոր հարբած էին, խանգարեցին նիստը, բայց դա անհետևանք մնաց:
Կողմ արտահայտվելով կարգազանցներին պատասխանատվության ենթարկելու առաջարկին՝ Է.Շարմազանովը նկատեց. «Առավել շատ աղմկողները ինչպես կարող են խոսել կարգապահության մասին»:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նույնպես բողոքեց «հանցագործություն» բնորոշման դեմ և, հիշեցնելով, որ եղել է դեպք, որ Զ.Փոստանջյանը քվեարկության քարտերն էր հավաքում, հարցրեց, թե դա կարգազանցությո՞ւն էր, թե՞ ոչ: