Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեխիայի իր գործընկերոջ և Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` տարեսկզբին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը։ Կարևորվել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված կապերի զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին։ Չեխիայի արտգործնախարարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը։

Նույն օրը Է. Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ամերիկայի հրեական կոմիտեի կողմից այս տարի ապրիլին արված հայտարարությունը, որում ճանաչվում և դատապարտվում էր Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների, մի շարք միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս