Տիգրան Սարգսյանի սանիկը՝ դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էր:

Պատճառը Արթուր Սարգսյանի կողմից արված խոշոր հափշտակությունների գործն էր, որը նա իրականացրել էր՝ ներկայանալով որպես ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ: Ըստ գործի նյութերի՝ Արթուր Սարգսյանը իմանալով, որ իր և ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետի անուն-ազգանունը համընկնում են, 2008-ին ներկայացել է Արմեն Միրզախանյանին և Հակոբ Գրիգորյանին, որպես կառավարության իրավաբանական վարչության պետ, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մետաղագործական ընկերությունների հետ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, Ա.Միրզախանյանից ստացել 5 մլն 719 ՀՀ դրամ գումար, իսկ Հ. Գասպարյանից՝ 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Այլ դրվագով էլ Արթուր Սարգսյանն իր «հաճախորդներին» խաբել է, թե իրեն հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, դրա համար էլ «Եվրոպա» ՍՊ ընկերության նախկին գործադիր տնօրեն Արթուր Մանուչարյանը վստահել է նրան և տարաժամկետ վճարման պայմանով 8 մլն 400 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել Արթուր Սարգսյանի հետ: Եվ այսպես, շուրջ 9 հոգու նա խաբել է: Համենայնդեպս, այս առիթով հարուցված քրեական գործով կա 9 տուժող: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այս գործի շրջանակներում հայտնվել էր ԱԱԾ քննչական վարչությունում, սակայն որպես վկա անգամ չէր անցնում, քանի որ նախարար էր, վարչապետ քավորի գործերն էլ վատ չէին»:

Ամբողջությամ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս