«Ես կողմ եմ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի դրվելուն». քաղաքագետ
Ինչպես արդեն հայտնի է, երեկ հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրն իր բոլոր հավելվածներով: Առկա փաստաթղթերից կարելի է միայն եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև, ըստ ՄՄ Մաքսային օրենսգրքի, նախատեսվում է Մաքսային անցակետ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այդ թեմային՝ ասելով, որ ինքը կողմ է մաքսակետի դրվելուն.
«Որքան էլ որ կարող է դա տարօրինակ հնչել, բայց ես կողմ եմ, որ մաքսակետ դրվի, քանի որ Լեռնային Ղարաբաղը կարող է ինքը մաքսակետ դնել, ասել, որ ինքնուրույն պետություն է: Այսինքն՝ որպես ինքնիշխան պետության ատրիբուտ: Այլ բան է, որ այդ մաքսակետը Հայաստանի դեպքում կարող է աշխատել այլ ռեժիմով, մեկ այլ պետության համար՝ այլ: Այնպես որ՝ ես դրանում վախ չեմ տեսնում. այսօր Հայաստանի սահմանի վրա է մաքսակետը, հաջորդ օրը կարող է դրվել Ադրբեջանի և Իրանի սահմաններին՝ որպես ինքնուրույն պետություններ: Մենք գտնվում ենք նույն դրամի գոտում, նույն միասնական տնտեսական հարաբերությունների դաշտում և այնտեղ կարող են ընդունվել բոլորովին այլ բաներ»:
Քաղաքագետի կարծիքով՝ պետք է այս հարցը դնել օրակարգում և քննարկել, թե ինչպիսի մաքսակետ պիտի դրվի, որ ոչ մի խոչընդոտ չհանդիսանա Լեռնային Ղարաբաղի զարգացման համար, որը գտնվում է միջազգային իրավունքի տեսակետից անթույլատրելի մեկուսացման մեջ: