Կորյուն Գրիգորյան. Անկախության տոնի միջոցառման ժամանակ ապօրինի շահագործվել է ուրիշի շարժական գույքը
Մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Անկախության օրվան նվիրված միջոցառումը տոնել են զավթած օբյեկտում և ապօրինի շահագործվել է ուրիշի շարժական գույքը.
«Անկախության տոնի միջոցառման ժամանակ շահագործվել է Մարզահամերգային համալիրի շարժական գույքը, որը համալիրին չի պատկանում և որի շահագործումն օրենքով արգելվում է:
Երբ ԴԱՀԿ ծառայությունը վերցրեց շենքը, մենք դիմեցինք բաշխիչ էլեկտրական ցանց, որ հոսանքազրկեն համալիրը, որովհետև մենք պարտավոր չենք դրա ծախսը վճարել: Սեպտեմբերի 21-ին ամբողջ լույսերը միացված էին, հետաքրքիր է հարցնել` ում հաշվին: Այսինքն` նորից կա օրենքի խախտում»:
Նա նշեց, որ բազմիցս կրկնել են` ԴԱՀԿ կառույցը գտնվում է օրենքից դուրս կարգավիճակում, ոչ իրավասու կառույց է և նրա բոլոր որոշումները պետք է ճանաչել առոչինչ:
«Այս առումով մենք դիմել էինք արդարադատության նախարարին`մնաց անպատասխան, որից հետո ևս մեկ քայլ արեցինք: Դիմել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին, գործը վերցրել են վարույթ, բայց դեռ շարժ չկա: Դիմել ենք նաև գլխավոր դատախազին, բայց նույնպես անարձագանք մնաց»,- նշեց նա:
Կորյուն Գրիգորյանը այս ամենի մեջ տեսնում է մի դրական քայլ. «Վերջապես երկուշաբթի օրը, ժամը` 15:00, Վարչական դատարանում հնարավորություն կունենանք լսելու գործը: Սպասումները մեծ չեն, բայց հույս ունենք, որ դատավորը ճիշտ որոշում կկայացնի»,- ասաց նա:
Նա նշեց, որ Կադաստրի նոր փաստաթղթով` Կարեն Դեմիրճյանի անունը չկա, այսինքն` նշված է` Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր. «Բացի դա` հայտարավել է արդեն, որ Մարզահամերգային համալիրն ունի զորամասի կարգավիճակ: Մեզ տեղեկություններ են հասել, որ բացի զորամասի կարգավիճակից` ամբողջ Սպայի տունն է տեղափոխվելու համալիր: Չեմ պատկերացնում Մարզահամերգային համալիրը, որպես Սպայի տուն: Այսինքն` կգնանք համալիր` զինվորական համերգներ լսելու»,- եզրափակեց նա: