Ոստիկանության շտաբ. Ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը խեղաթյուրել է փաստերը

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի www.policemonitoring.org ինտերնետային կայքէջում 25.09.2014 թ. զետեղված հայտարարությունը հերթական փորձ է խեղաթյուրել փաստերը:

Հարկ է նշել, որ դիտորդների խմբի կողմից ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. թիվ 1-Ն հրամանով հաստատված «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգ»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները կրում են կամայական բնույթ և հակասում իրավական ակտերին:

Նշված առաջարկությունները մանրակրկիտ ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության շտաբում և իրավաբանական վարչությունում, որոնց վերաբերյալ տրվել են հիմնավոր և սպառիչ մեկնաբանություններ, սակայն դիտորդների խումբը հղում չկատարելով որևէ իրավական ակտի և չներկայացնելով կոնկրետ և հիմնավոր փաստարկներ՝ հայտարարություն է տարածել, որ ոստիկանությունն առանց հիմնավոր մեկնաբանությունների մերժել է իրենց կողմից ներկայացված առաջարկությունները (տես` 20.08.2014 թ. www.police.am ինտերնետային կայքէջում):

Դիտորդների խումբը չհամակերպվելով իրավական ակտերից բխող ոստիկանության կողմից տրված մեկնաբանությունների հետ, ցավալի է ընդունում իրականությունը և հերթական անգամ անպատասխանատու ու չհիմնավորված հայտարարություններ տարածում՝ այն դարձնելով գործելաոճ:

ՀՀ ոստիկանության համար անհասկանալի և տարօրինակ է դիտորդների խմբի նման մոտեցումը, խումբը կարծես զբաղված է ոչ թե իր առջև դրված հիմնախնդիրներով, այլ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ տարածելով, ինչի ապացույցն է 2014 թ. սեպտեմբերի 12-ին www.policemonitoring.org կայքէջում զետեղված հայտարարությունը, որի կապակցությամբ ոստիկանության կողմից տրվեց պարզաբանում՝ ներկայացնելով անհերքելի փաստեր (տես՝ 12.09.2014 թ. www.police.am ինտերնետային կայքէջում):

Դիտորդների խումբը ցույց է տալիս, թե մտահոգված է ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պահպանմամբ, սակայն այցելությունների ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումներն անմիջապես չի ներկայացնում ՁՊՎ վարչակազմին՝ դրանք տեղում վերացնելու և շտկելու համար, ինչը կնպաստի ձերբակալված անձանց իրավունքների պահպանման արդյունավետությանը:

Հասարակությանը չապակողմնորոշելու և չհիմնավորված հայտարարություններ տարածելու գործելաոճից զերծ պահելու համար՝ դիտորդական խմբին հորդորում ենք լիարժեք և մանրակրկիտ ուսումնասիրել ոստիկանության կողմից ներկայացված մեկնաբանությունները՝ հիմնվելով իրական փաստերի վրա ու ղեկավարվելով իրավական ակտերով սահմանված պահանջներով:

ՀՀ ոստիկանության շտաբ

Տեսանյութեր

Լրահոս