Եռյակն սկսեց «ընկերական» խաղերը. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոչ իշխանական եռյակը երեկ Աբովյանից սկսել է իր հանրահավաքների շարքը, որն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին Երևանում հայտարարված համապետական հանրահավաքով:
Աբովյանում անցկացվող հանրահավաքը լրագրողների համար աչքի է ընկել նախ նրանով, որ մասնակից ժողովրդի մի մասը եկել ու գնացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսներով, ինչը նշանակում է, որ հանրահավաքին համայնապատկեր ապահովելու համար հարկավոր է եղել մասնակիցներ բերել նաև այլ տեղերից:
Մյուս կողմից, սակայն, մարզային այս հանրահավաքները անկասկած, այսպես ասած, ընկերական յուրօրինակ խաղեր են պաշտոնական մրցամարտերից առաջ, և այս խաղերի ընթացքում փորձարկվում են, այսպես ասած, թիմային օղակների միջև կապը և այլն, ինչի շրջանակում էլ տեղավորվում է հանրահավաքի ավտոբուսային ապահովումը:
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է հայտարարել, որ Երևանի հանրահավաքին մասնակցելու համար Գագիկ Ծառուկյանն ավտոբուսներ կտրամադրի մարդկանց Երևան տեղափոխելու համար: Եվ մարզային հանրահավաքներում ամենայն հավանականությամբ փորձարկվում է նաև հենց այս օղակի աշխատանքը:
Մնացյալ առումով հանրահավաքը եղել է Հայաստանում ընդունված ստանդարտի մեջ, բնականաբար առաջին դեմքեր չեն եղել, հարցականի տակ է նույնիսկ նրանց մասնակցությունը համապետական հանրահավաքին: Եղել են ստանդարտ ելույթներ, մինչ այսօր հռչակված ոչ իշխանական թեզերով, և այս բոլոր առումներով որևէ նորություն հանրահավաքը չի մատուցել:
Նորություն, բնականաբար, չէր էլ սպասվում, և մարզային հանրահավաքների ընթացքում եռյակը, բնականաբար, փորձելու է տաքացնել հասարակությանը` Երևանի հանրահավաքին ընդառաջ: Նորությունը եկավ այլ տեղից՝ կառավարությունից, որտեղ որոշեցին, որ Լիսկային պետք է նորից նշանակել Սյունիքի մարզպետ: Իհարկե, որոշումը չէր կարող լինել առանց Սերժ Սարգսյանի իմացության:
Այս երկու իրադարձությունների՝ եռյակի հանրահավաքների մեկնարկի և Լիսկայի նշանակման զուգորդումը շատ խորհրդանշական է: Լիսկայի վերանշանակումը, ըստ էության, մարտահրավեր է հասարակությանը, սակայն նաև ոչ իշխանական ուժերին:
Եվ այս իմաստով, նման մարտահրավերը իրականացվում է նախապես ազդարարելով: Դեռևս շատ ու շատ առաջ է գրվել մամուլում, որ Լիսկան կնշանակվի վերստին մարզպետ, և ըստ էության այս տեղեկությունը ոչ ոք չի հերքել, այլ անուղղակի կերպով նաև հաստատվել է:
Եվ ահա, այս տեսանկյունից եռյակի համար հանրահավաքային մեկնարկից շատ ավելի արդյունավետ կլիներ, իհարկե, հայտարարել Լիսկայի վերանշանակումը խանգարելու նպատակն ու հասարակությանը համախմբել այս նպատակի շուրջ:
Միայն այս նպատակի լուծումը, միայն Լիսկայի վերադարձը մարզպետի պաշտոնին արգելակելը, կանխելը կամ չեղյալ հայտարարելը արդեն իսկ տասը հանրահավաքի արժեք կունենար հասարակությանը տաքացնելու առումով: Սակայն եռյակը գնաց հանրահավաքների ճանապարհով, չբարձրացրեց Լիսկայի վերադարձը կանխելու խնդիրը` այն դեպքում, երբ հստակ էր, որ այս խնդիրը զուտ կադրային նշանակման հարց չէ, սա հասարակությանը ապտակի հարց է, նաև քաղաքական ուժերին ապտակի հարց է՝ ՀՀԿ-ի ամենակարողության, Սերժ Սարգսյանի ամենակարողության առումով: Սակայն դեմ գնալ Լիսկային, կնշանակի դեմ գնալ ապրիլյան քրեաօլիգարխիկ հեղափոխությանը, որը երեկ Աբովյանում հանրահավաքին հայտարարված թավշյա հեղափոխության, իհարկե, կարևոր մասն է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։